ՍԱՂՄՈՍՆԵՐ 31:9-24

ՍԱՂՄՈՍՆԵՐ 31:9-24 ՆՎԱԱ

Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև նեղության մեջ եմ. տրտմությամբ մաշվեցին իմ աչքը, իմ անձը և իմ մարմինը։ Որովհետև իմ կյանքը վերջացավ վշտով, և տարիներս՝ հառաչանքով. իմ զորությունը տկարացավ իմ թշվառությամբ, և մաշվեցին իմ ոսկորները։ Իմ բոլոր թշնամիների առաջ նախատվեցի, մանավանդ իմ դրացիների առաջ. ահ ու վախ եղա իմ բարեկամների համար. փողոցներում ինձ տեսնողները փախչում են ինձնից։ Սրտերից մոռացված եղա մեռածի պես. դարձել եմ կոտրած ամանի նման։ Որովհետև շատերի բամբասանքը լսեցի. ահ կա իմ չորս կողմը. երբ հավաքվում են իրար հետ, խորհուրդ են անում իմ դեմ, որ հոգիս առնեն։ Բայց ես հույսս դրել եմ քեզ վրա, ո՜վ Տեր. ասում եմ. «Դու ես իմ Աստվածը»։ Իմ ժամանակը քո ձեռքին է. ազատի՛ր ինձ իմ թշնամիների ձեռքից և ինձ հալածողներից։ Փայլեցրո՛ւ երեսդ քո ծառայի վրա. փրկի՛ր ինձ քո ողորմությամբ։ Տե՛ր, թող չամաչեմ, որովհետև քեզ եմ կանչում. թող ամաչեն ամբարիշտները և լռեն գերեզմանում, Թող պապանձվեն սուտ շրթունքները, որոնք արդարի դեմ անամոթություն են խոսում գոռոզությամբ և անարգանքով։ Որքա՜ն մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզնից երկյուղածների համար և անում ես նրանց համար, որոնք հուսացել են քեզ մարդկանց որդիների առջև։ Քո երեսի ծածկույթով ծածկում ես նրանց մարդկանց դավաճանությունից, թաքցնում ես քո պատսպարանի մեջ՝ լեզուների հակառակությունից։ Օրհնյա՜լ է Տերը, որ իր հրաշալի ողորմությունը ցույց տվեց ինձ մի ամուր քաղաքի մեջ։ Իսկ ես իմ շփոթության մեջ ասացի. «Ես դեն գցվեցի քո աչքի առաջից». բայց երբ ես օգնության աղաղակ բարձրացրի քեզ, դարձյալ լսեցիր աղերսանքիս ձայնը։ Սիրեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր հավատարիմներ. Տերը պահում է հավատացյալներին և ավելին է հատուցում նրան, ով ամբարտավանություն է գործում։ Քա՛ջ եղեք, և թող զորանան ձեր սրտերը, դուք բոլորդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա։