ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:32-50

ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:32-50 ՆՎԱԱ

Այն Աստվածը, որ զորություն է հագցնում ինձ և անբիծ է դարձնում իմ ճանապարհը, Նա, որ իմ ոտքերը դարձնում է եղջերուների ոտքերի նման և ինձ կանգնեցնում է բարձր տեղերում։ Նա վարժեցնում է իմ ձեռքը պատերազմելու, որ իմ բազուկները պղնձե աղեղ լարեն։ Տալիս ես ինձ քո փրկության վահանը. քո աջը զորավիգ է ինձ, և քո քաղցրությունը մեծացնում է ինձ։ Դու լայնարձակ ես դարձնում ընթացքս իմ ոտքերի տակ, և իմ ոտքերը չեն սահում։ Ես կհալածեմ իմ թշնամիներին և կհասնեմ նրանց և հետ չեմ դառնա, մինչև որ չոչնչանան։ Ես գետնին կզարկեմ նրանց այնպես, որ չկարողանան վեր կենալ. նրանք կընկնեն իմ ոտքերի տակ։ Դու զորությամբ գոտեպնդում ես ինձ պատերազմի համար և իմ դեմ վեր կացածներին գցում ես իմ ոտքերի տակ։ Դու իմ թշնամիներին հալածական ես դարձնում, և ես կոչնչացնեմ ինձ ատողներին։ Նրանք օգնության են կանչում, բայց փրկող չկա, աղաղակում են Տիրոջը, բայց նա չի պատասխանում։ Ես կփշրեմ նրանց, ինչպես փոշին՝ քամու առաջ, նրանց դուրս կթափեմ, ինչպես փողոցի ցեխը։ Դու ազատում ես ինձ ժողովրդի հակառակությունից, ինձ գլխավոր ես դնում հեթանոսների վրա. այն ժողովուրդը, որին ես չէի ճանաչում, ծառայում է ինձ։ Հենց միայն ականջով լսելով՝ հնազանդվեցին ինձ. օտարների որդիները քծնելով հպատակվեցին ինձ։ Օտարների որդիները թուլացան և սարսափած դուրս եկան իրենց ապաստարաններից։ Կենդանի է Տերը. օրհնյալ է իմ Վեմը, և թող բարձր լինի իմ փրկության Աստվածը։ Այն Աստվածը, որ իմ վրեժն է առնում և իմ ձեռքի ներքո հնազանդեցնում է ժողովուրդներին, Որ փրկում է ինձ իմ թշնամիներից և ինձ բարձրացնում է նրանցից, ովքեր վեր կացան իմ դեմ. դու ազատում ես ինձ բռնացող մարդուց։ Դրա համար էլ, ո՜վ Տեր, պիտի փառաբանեմ քեզ հեթանոսների մեջ և սաղմոս պիտի ասեմ քո անվանը։ Նա իր թագավորին մեծ հաղթանակներ է տալիս և մեծ ողորմություն ցույց տվեց իր օծյալին՝ Դավթին, և նրա սերնդին՝ մինչև հավիտյան։