ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:1-24

ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:1-24 ՆՎԱԱ

Սրտանց սիրում եմ քեզ, ո՜վ Տեր, իմ զորությո՛ւն։ Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. նա իմ ապավենն է։ Ես օրհներգությամբ կանչեցի Տիրոջը և պիտի փրկվեմ իմ թշնամիներից։ Մահվան լարերը շրջապատեցին ինձ, և կորստյան վտակները սարսափեցրին ինձ։ Գերեզմանի ցավերը պատեցին ինձ, մահվան որոգայթները իմ դիմաց ելան։ Իմ նեղության մեջ ես կանչեցի Տիրոջը և իմ Աստծուն աղաղակեցի. նա լսեց իմ ձայնն իր տաճարից, և իմ աղաղակը հասավ նրա առաջ՝ նրա ականջին։ Այն ժամանակ երկիրը դողաց և սասանվեց, և ցնցվեցին լեռների հիմքերն ու դողացին, որովհետև նա բարկացավ։ Ծուխ դուրս եկավ նրա քթից, և ոչնչացնող կրակ՝ նրա բերանից. կայծակներ փայլատակեցին նրանից։ Նա խոնարհեցրեց երկինքը և վայր իջավ, և մառախուղ կար նրա ոտքերի տակ։ Նա հեծավ քերովբեի վրա ու թռավ և սլացավ քամու թևերի վրա։ Նա խավարը ծածկույթ դրեց իր վրա. խավարի ջրերը և երկնքի ամպերը վրան դարձան նրա չորս կողմով։ Նրա առջև փայլող լույսից նրա ամպերն անցան, դարձան կարկուտ և կրակի կայծակներ։ Տերը որոտաց երկնքում, և Բարձրյալն իր ձայնը տվեց կարկուտով ու կրակի կայծակներով։ Նա ուղարկեց իր նետերը և ցրեց նրանց, կայծակները գցեց և խուճապի մատնեց նրանց։ Երևացին ջրերի հատակները, և երկրի հիմքերը հայտնվեցին քո սաստելուց, Տե՛ր, քո բարկության հողմի փչելուց։ Նա վերևից ուղարկեց և բռնեց ինձ. նա առատ ջրերից հանեց ինձ։ Նա ազատեց ինձ իմ զորավոր թշնամուց և ինձ ատողներից, որոնք զորավոր էին ինձնից։ Իմ նեղության օրը նրանք կտրեցին իմ առջևը, բայց Տերը նեցուկ եղավ ինձ։ Ինձ հանեց լայնարձակ տեղ և ազատեց ինձ, որովհետև հավանեց ինձ։ Տերն ինձ հետ վարվեց իմ արդարության համեմատ և հատուցում է ինձ իմ ձեռքերի մաքրության համեմատ, Որովհետև ես պահեցի Տիրոջ ճանապարհները և ամբարշտությամբ չհեռացա իմ Աստծուց։ Որովհետև նրա բոլոր դատաստաններն իմ առջև են, և ես նրա կանոնները չեմ հեռացնում ինձնից։ Ես անբիծ եմ նրա առաջ և զգուշանում եմ իմ անօրենությունից, Ուստի Տերը հատուցում է ինձ իմ արդարության համեմատ, իմ ձեռքի մաքրության համեմատ, որ նրա աչքի առաջ է։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:1-24 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր