ՍԱՂՄՈՍՆԵՐ 17:1-15

ՍԱՂՄՈՍՆԵՐ 17:1-15 ՆՎԱԱ

Ո՜վ Տեր, լսի՛ր արդար դատը, ակա՛նջ դիր աղաղակիս և ունկնդրի՛ր իմ աղոթքը, որ նենգ շրթունքներից չէ։ Իմ դատաստանը թող քեզնից գա. քո աչքերը թող տեսնեն ուղղամտությունը։ Դու փորձեցիր իմ սիրտը և քննեցիր գիշերվա մեջ. դու կրակով հալեցիր ինձ և անիրավություն չգտար ինձանում. ես իմ մտքում դրել եմ, որ իմ բերանը օրինազանց չլինի։ Մարդկանց գործերի մեջ, ըստ քո շուրթերի խոսքի, զգույշ եմ մնում բռնություն գործող մարդկանց ճանապարհներից։ Հաստատի՛ր իմ քայլերը քո ճանապարհի մեջ, որ իմ ոտքերը չսայթաքեն։ Ես կանչում եմ քեզ, որ դու լսես ինձ, ո՜վ Աստված, ականջդ դարձրո՛ւ դեպի ինձ, լսի՛ր իմ խոսքերը։ Ցո՛ւյց տուր քո մեծ սերը, դու, որ քո աջով փրկում ես քեզ ապավինողներին իրենց թշնամիներից։ Պահի՛ր ինձ աչքի բբի պես և քո թևերի շուքի տակ ծածկի՛ր ինձ Այն ամբարիշտներից, որոնք տառապանք են տալիս ինձ, իմ անձի թշնամիներից, որոնք չորս կողմից պաշարում են ինձ։ Նրանք փակում են իրենց պարարտ սիրտը և իրենց բերանով ամբարտավանությամբ են խոսում։ Հիմա մեր ընթացքի չորս կողմից շրջապատում են մեզ և հառել են իրենց աչքերը՝ մեզ գետին գցելու համար։ Նրանք նման են առյուծի, որ ցանկանում է հոշոտել, և առյուծի ձագի, որ դարան է նստել։ Վե՛ր կաց, Տե՛ր, ա՛ռ նրա առաջը, գետի՛ն գցիր նրան և ամբարիշտների ձեռքից ինձ ազատի՛ր քո սրով։ Քո ձեռքով, ո՜վ Տեր, փրկի՛ր մարդկանցից, այս աշխարհի մարդկանցից, որոնց բաժինն այս կյանքում է. նրանց փորը լցնում ես գանձերով, և նրանց որդիներն էլ են կշտացած և մնացածը թողնում են իրենց երեխաներին։ Իսկ ես արդարությամբ պիտի տեսնեմ քո երեսը, և երբ արթնանամ, պիտի կշտանամ քո կերպարանքից։