ՍԱՂՄՈՍՆԵՐ 143:1-12

ՍԱՂՄՈՍՆԵՐ 143:1-12 ՆՎԱԱ

Ո՜վ Տեր, լսի՛ր իմ աղոթքը, ակա՛նջ դիր իմ աղաչանքին. պատասխանի՛ր ինձ քո ճշմարտությամբ և քո արդարությամբ։ Քո ծառայի հետ դատաստանի մեջ մի՛ մտիր, որովհետև ոչ մի կենդանի մարդ չի արդարանա քո առջև։ Որովհետև թշնամին հալածում է իմ անձը, իմ կյանքը նա գցում է գետնին և ինձ նստեցնում է խավարի մեջ՝ վաղուց մեռածների պես։ Իմ հոգին մաշվեց իմ մեջ, իմ սիրտն ավերված է ինձանում։ Ես հիշում եմ առաջվա օրերը, մտածում եմ քո բոլոր գործերի մասին, խորհում եմ քո ձեռքերի գործերի մասին։ Ձեռքերս տարածում եմ դեպի քեզ. իմ անձը չոր հողի պես ծարավ է քեզ։ (Սելա)։ Շո՛ւտ արա, լսի՛ր ինձ, Տե՛ր. հոգիս մաշվում է, երեսդ մի՛ ծածկիր ինձնից, որ չնմանվեմ գերեզման իջնողներին։ Առավոտից լսե՛լ տուր ինձ քո ողորմությունը, որովհետև հույսս քեզ վրա դրեցի. ինձ ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով պիտի գնամ, որովհետև դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։ Տե՛ր, փրկի՛ր ինձ իմ թշնամիներից. ես ապավինել եմ քեզ։ Սովորեցրո՛ւ ինձ կատարել քո կամքը, որովհետև դու ես իմ Աստվածը. քո բարի հոգին թող ինձ դեպի ուղիղ երկիր առաջնորդի։ Տե՛ր, ապրեցրո՛ւ ինձ քո անվան համար, քո արդարության համար իմ անձը հանի՛ր նեղությունից։ Եվ քո ողորմությամբ սատկեցրո՛ւ իմ թշնամիներին և կորցրո՛ւ իմ անձի բոլոր նեղիչներին, որովհետև ես քո ծառան եմ։