ՍԱՂՄՈՍՆԵՐ 139:1-24

ՍԱՂՄՈՍՆԵՐ 139:1-24 ՆՎԱԱ

Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։ Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները։ Քննում ես իմ գնալն ու պառկելը և գիտես իմ բոլոր ճանապարհները, Որովհետև դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա, ո՜վ Տեր, դու բոլորը գիտես։ Ինձ շրջապատում ես իմ հետևից ու առջևից և քո ձեռքը դրել ես ինձ վրա։ Այս գիտությունը շատ զարմանալի է ինձ համար, բարձր է, չեմ կարողանում հասնել նրան։ Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։ Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես։ Եթե արշալույսի թևերն առնեմ և բնակվեմ ծովի վերջին ծայրերին, Այնտեղ էլ քո ձեռքն է առաջնորդելու ինձ, և քո աջն է բռնելու ինձ։ Եթե ասեմ. «Թող խավարն ինձ ծածկի», այն ժամանակ գիշերն էլ լույս կդառնա իմ շուրջը։ Մութն էլ խավար չէ քեզ համար, գիշերն էլ լույս է ցերեկի պես, խավարն էլ լույսի պես է քեզ համար։ Որովհետև դու ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել։ Իմ ոսկորները չծածկվեցին քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը, և ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։ Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար։ Որքա՜ն պատվական են ինձ համար քո խորհուրդները, ո՜վ Աստված, որքա՜ն մեծ է նրանց թիվը։ Եթե հաշվեմ դրանք, ավազից շատ են. երբ արթնանում եմ, դեռ քեզ հետ եմ։ Երանի՜ սպանես ամբարիշտներին, ո՜վ Աստված, և դուք, ո՛վ արյունահեղ մարդիկ, հեռացե՛ք ինձնից։ Նրանք նենգությամբ քեզ հակառակ են խոսում, և քո թշնամիները սուտ երդվում են քո անվամբ։ Ես չե՞մ ատում քեզ ատողներին, ո՜վ Տեր, և քո դեմ ապստամբողներից չե՞մ զզվում։ Լիակատար ատելությամբ ատում եմ նրանց. նրանք դարձել են իմ թշնամիները։ Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները. Եվ տե՛ս, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 139:1-24 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում