ՍԱՂՄՈՍՆԵՐ 138:1-8

ՍԱՂՄՈՍՆԵՐ 138:1-8 ՆՎԱԱ

Իմ ամբողջ սրտով պիտի գոհանամ քեզնից, աստվածների առջև սաղմոս պիտի ասեմ քեզ։ Երկրպագություն պիտի անեմ քո սուրբ տաճարի առջև և գոհություն պիտի մատուցեմ քո անվանը քո ողորմության համար և քո ճշմարտության համար, որովհետև դու քո ամեն անունից քո խոսքը բարձրացրիր։ Այն օրը, երբ կանչեցի քեզ, պատասխանեցիր ինձ. դու ինձ զորությամբ ուժեղացնում ես իմ անձի մեջ։ Տե՛ր, երկրի բոլոր թագավորները պիտի գոհանան քեզնից, որովհետև լսեցին քո բերանի խոսքերը։ Եվ Տիրոջ ճանապարհների մեջ օրհնություն պիտի ասեն՝ Տիրոջ փառքը մեծ է։ Որովհետև Տերը բարձր է, բայց տեսնում է խոնարհին, և հեռվից նա ճանաչում է բարձրամիտին։ Եթե նեղության մեջ ընկնեմ, պիտի ապրեցնես ինձ, պիտի մեկնես քո ձեռքը իմ թշնամիների բարկության վրա, և քո աջը պիտի փրկի ինձ։ Տերը պիտի կատարի իմ փոխարեն. Տե՛ր, հավիտյան է քո ողորմությունը. քո ձեռքի գործերը աչքից մի՛ գցիր։