ՍԱՂՄՈՍՆԵՐ 135:1-21

ՍԱՂՄՈՍՆԵՐ 135:1-21 ՆՎԱԱ

Օրհնեցե՛ք Տիրոջ անունը, օրհնեցե՛ք, ո՛վ Տիրոջ ծառաներ, Որ կանգնում եք Տիրոջ տանը՝ մեր Աստծու տան սրահների մեջ։ Օրհնեցե՛ք Տիրոջը, որովհետև Տերը բարի է. սաղմո՛ս ասացեք նրա անվանը, որովհետև քաղցր է։ Որովհետև Տերը Հակոբին ընտրեց իր համար և Իսրայելը՝ իր ժառանգության համար։ Որովհետև ես իմացա, որ Տերը մեծ է. և մեր Տերն ավելի մեծ է, քան բոլոր աստվածները։ Տերն այն ամենը, ինչ կամենում է, անում է երկնքում և երկրում, ծովերի մեջ և բոլոր խոր տեղերում։ Նա, որ ամպերը բարձրացնում է երկրի ծայրից, կայծակներն անձրև է դարձնում և քամին հանում է իր շտեմարաններից, Որ սպանեց Եգիպտոսի անդրանիկներին՝ մարդուց մինչև անասունները, Որ նշաններ և հրաշքներ ուղարկեց քո մեջ, ո՛վ Եգիպտոս, փարավոնի և նրա բոլոր ծառաների վրա, Որ զարկեց շատ ազգերի և սպանեց հզոր թագավորների. Ամորհացիների Սեհոն թագավորին, Բասանի Ովգ թագավորին և քանանացիների բոլոր թագավորությունները։ Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց. ժառանգություն՝ Իսրայելի իր ժողովրդի համար։ Տե՛ր, քո անունը մինչև հավիտյան է. Տե՛ր, քո հիշատակը՝ ազգից մինչև ազգ։ Որովհետև Տերը պիտի դատի իր ժողովրդին և ողորմի իր ծառաներին։ Հեթանոսների կուռքերն արծաթ ու ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։ Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում, Ականջներ ունեն և չեն լսում, և բնավ շունչ չկա նրանց բերանում։ Նրանց նման են իրենց կերտողները և բոլոր նրանք, որ հույս են դրել նրանց վրա։ Ո՛վ Իսրայելի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը. ո՛վ Ահարոնի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը։ Ո՛վ Ղևիի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը. դուք, Տիրոջից վախեցողնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը։ Օրհնյա՜լ լինի Տերը Սիոնից. նա, որ բնակվում է Երուսաղեմում։ Ալելուիա՜։