ՍԱՂՄՈՍՆԵՐ 135

135
Փառաբանության երգ
Ալելուիա։
1Օրհնեցե՛ք Տիրոջ անունը, օրհնեցե՛ք, ո՛վ Տիրոջ ծառաներ,
2Որ կանգնում եք Տիրոջ տանը՝ մեր Աստծու տան սրահների մեջ։
3Օրհնեցե՛ք Տիրոջը, որովհետև Տերը բարի է. սաղմո՛ս ասացեք նրա անվանը, որովհետև քաղցր է։
4Որովհետև Տերը Հակոբին ընտրեց իր համար և Իսրայելը՝ իր ժառանգության համար։
5Որովհետև ես իմացա, որ Տերը մեծ է. և մեր Տերն ավելի մեծ է, քան բոլոր աստվածները։
6Տերն այն ամենը, ինչ կամենում է, անում է երկնքում և երկրում, ծովերի մեջ և բոլոր խոր տեղերում։
7Նա, որ ամպերը բարձրացնում է երկրի ծայրից, կայծակներն անձրև է դարձնում և քամին հանում է իր շտեմարաններից,
8Որ սպանեց Եգիպտոսի անդրանիկներին՝ մարդուց մինչև անասունները,
9Որ նշաններ և հրաշքներ ուղարկեց քո մեջ, ո՛վ Եգիպտոս, փարավոնի և նրա բոլոր ծառաների վրա,
10Որ զարկեց շատ ազգերի և սպանեց հզոր թագավորների.
11Ամորհացիների Սեհոն թագավորին, Բասանի Ովգ թագավորին և քանանացիների բոլոր թագավորությունները։
12Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց. ժառանգություն՝ Իսրայելի իր ժողովրդի համար։
13Տե՛ր, քո անունը մինչև հավիտյան է. Տե՛ր, քո հիշատակը՝ ազգից մինչև ազգ։
14Որովհետև Տերը պիտի դատի իր ժողովրդին և ողորմի իր ծառաներին։
15Հեթանոսների կուռքերն արծաթ ու ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր։
16Բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում,
17Ականջներ ունեն և չեն լսում, և բնավ շունչ չկա նրանց բերանում։
18Նրանց նման են իրենց կերտողները և բոլոր նրանք, որ հույս են դրել նրանց վրա։
19Ո՛վ Իսրայելի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը. ո՛վ Ահարոնի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը։
20Ո՛վ Ղևիի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը. դուք, Տիրոջից վախեցողնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը։
21Օրհնյա՜լ լինի Տերը Սիոնից. նա, որ բնակվում է Երուսաղեմում։ Ալելուիա՜։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 135: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում