ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:72-107

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:72-107 ՆՎԱԱ

Քո բերանի օրենքն ինձ համար բարի է ավելի, քան հազարավոր ոսկի ու արծաթ։ Քո ձեռքերն արարեցին ինձ և հաստատեցին ինձ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ սովորեմ քո պատվիրանները։ Քեզնից վախեցողները պիտի տեսնեն ինձ և ուրախ լինեն, որովհետև հույսս քո խոսքերի վրա դրեցի։ Գիտեմ, Տե՛ր, որ արդարությամբ են քո դատաստանները, և իրավունքով ինձ խոնարհեցրիր։ Թող քո ողորմությունն ինձ համար մխիթարություն լինի քո ծառային տված խոսքիդ համաձայն։ Քո բարեգթությունը թող գա ինձ վրա, որ ապրեմ, որովհետև քո օրենքն է իմ ուրախությունը։ Ամբարտավանները թող ամոթահար լինեն, որովհետև իզուր անիրավություն գործեցին իմ դեմ, բայց ես պիտի մտածեմ քո պատվիրանների մասին։ Ինձ մոտ թող վերադառնան քեզնից վախեցողները և քո վկայությունները ճանաչողները։ Իմ սիրտը թող անմեղ լինի քո հրամանների մեջ, որպեսզի չամաչեմ։ Իմ անձը մաշվեց՝ սպասելով քո փրկությանը, բայց ես հույսս քո խոսքի վրա դրեցի։ Իմ աչքերը մաշվեցին քո խոսքը ցանկանալու համար. ես ասում եմ. «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»։ Որովհետև ես ծխի մեջ կախված տիկի պես եղա, բայց քո հրամանները չմոռացա։ Որքա՞ն են քո ծառայի կյանքի օրերը. ե՞րբ պիտի դատաստան անես ինձ հալածողներին։ Ամբարտավանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրենքի համաձայն չեն։ Քո բոլոր պատվիրանները ճշմարիտ են, զուր տեղն են հալածում ինձ. օգնի՛ր ինձ։ Քիչ էր մնացել, որ ինձ կորցնեին երկրի մեջ, բայց ես չեմ թողնում քո պատվիրանները։ Քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ, և ես պիտի պահեմ քո բերանի վկայությունները։ Ո՜վ Տեր, քո խոսքը հավիտյան հաստատված է երկնքում։ Քո ճշմարտությունը մնում է սերնդից սերունդ. դու հաստատեցիր երկիրը, և նա կա։ Ըստ քո հրամանների մնում են այսօր էլ, որովհետև բոլորը քո ծառաներն են։ Եթե քո օրենքն իմ ուրախությունը չլիներ, ես վաղուց կորած կլինեի իմ խեղճության մեջ։ Հավիտյան չեմ մոռանա քո պատվիրանները, որովհետև նրանցով ապրեցրիր ինձ։ Ես քոնն եմ, փրկի՛ր ինձ, որովհետև փնտրում եմ քո պատվիրանները։ Ամբարիշտները սպասում են ինձ, որ ինձ կորցնեն, բայց ես մտաբերում եմ քո պատվիրանները։ Ամեն մի կատարյալ բանի վերջը տեսա, բայց քո պատվիրանը չափազանց ընդարձակ է։ Որքա՜ն եմ սիրում քո օրենքը. ամեն օր այն է իմ մտածմունքը։ Քո պատվիրաններն ինձ իմ թշնամիներից իմաստուն դարձրին, որովհետև դրանք իմն են հավիտյան։ Իմ բոլոր ուսուցիչներից իմաստուն եղա, որովհետև իմ մտածմունքը քո վկայություններն են։ Ծերերից ավելի խելացի եղա, որովհետև պահում եմ քո պատվիրանները։ Ամեն մի չար ճանապարհից ոտքերս հետ եմ քաշում, որ քո խոսքը պահեմ։ Քո վճիռներից չեմ հեռանում, որովհետև դու սովորեցնում ես ինձ։ Որքա՜ն քաղցր է քո խոսքն իմ քիմքին, մեղրից էլ ավելի՝ իմ բերանին։ Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհ։ Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար։ Ես երդվեցի և պիտի կատարեմ այն, որ պահեմ քո արդարության իրավունքը։ Ես շատ խոնարհվեցի. Տե՛ր, ապրեցրո՛ւ ինձ քո խոսքի համաձայն։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:72-107 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր