ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:36-71

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:36-71 ՆՎԱԱ

Իմ սիրտը խոնարհեցրո՛ւ դեպի քո վկայությունները և ոչ թե դեպի ագահությունը։ Դեպի հե՛տ դարձրու իմ աչքերը, որ ունայն բան չտեսնեն, և ինձ ապրեցրո՛ւ քո ճանապարհների մեջ։ Քո խոսքը հաստատի՛ր քո ծառայի համար, որ վախենում է քեզնից։ Ինձնից վանի՛ր իմ նախատինքը, որից վախեցա, որովհետև բարի են քո իրավունքները։ Ահա ցանկացա քո պատվիրանները. քո արդարությամբ ապրեցրո՛ւ ինձ։ Տե՛ր, քո ողորմությունը թող գա ինձ վրա, և քո փրկությունը՝ քո խոսքի համաձայն։ Ես պատասխան կտամ խոսքով ինձ նախատողներին, որովհետև հույսս քո խոսքի վրա եմ դրել։ Քո ճշմարտության խոսքն ամենևին մի՛ հեռացրու իմ բերանից, որովհետև հույսս դրել եմ քո իրավունքի վրա։ Քո օրենքը պիտի պահեմ ամեն ժամանակ՝ հավիտյանս հավիտենից։ Ես ազատ պիտի գնամ, որովհետև խնդրեցի քո պատվիրանները։ Քո վկայությունների մասին պիտի խոսեմ թագավորների առջև և չպիտի ամաչեմ։ Ես պիտի ուրախանամ քո պատվիրաններով, որոնք սիրում եմ։ Իմ ձեռքը պիտի բարձրացնեմ դեպի քո պատվիրանները, որոնք սիրում եմ, և պիտի մտածեմ քո հրամանների մասին։ Հիշի՛ր քո ծառայի համար տրված խոսքը, որի վրա դրեցի իմ հույսը։ Նեղությանս մեջ իմ մխիթարությունն այն է, որ քո խոսքն ապրեցնում է ինձ։ Ամբարտավանները շատ խիստ ծաղրում են ինձ, բայց ես չեմ շեղվում քո օրենքից։ Տե՛ր, հիշում եմ քո հավերժական վճիռները և մխիթարվում։ Բարկությունը տիրեց ինձ այն ամբարիշտների դեմ, որոնք թողնում են քո օրենքը։ Քո հրամանները երգ են ինձ համար իմ պանդխտության տան մեջ։ Տե՛ր, գիշերը հիշում եմ քո անունը և պահում եմ քո օրենքը։ Այս ինձ համար պատճառ եղավ, որ պահեմ քո հրամանները։ Իմ բաժինը դու ես, Տե՛ր. ես ասացի, որ պիտի պահեմ քո խոսքերը։ Ամբողջ սրտով աղաչում եմ քո առջև. ողորմի՛ր ինձ քո խոսքի համաձայն։ Ես մտածում եմ քո ճանապարհների մասին և իմ ոտքերը շրջում եմ դեպի քո վկայությունները։ Շտապում եմ և չեմ ուշանում, որ պահեմ քո պատվիրանները։ Ամբարիշտների պարանները պատեցին ինձ, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։ Կեսգիշերին վեր եմ կենում, որ գովաբանեմ քեզ քո արդար իրավունքի համար։ Ես ընկերն եմ բոլոր նրանց, ովքեր վախենում են քեզնից և պահում են քո պատվիրանները։ Տե՛ր, երկիրը լիքն է քո ողորմությամբ. քո հրամանները սովորեցրո՛ւ ինձ։ Բարություն արեցիր, Տե՛ր, քո ծառային՝ քո խոսքի համաձայն։ Բարի իմաստություն և գիտությո՛ւն սովորեցրու ինձ, որովհետև հավատում եմ քո պատվիրաններին։ Քանի դեռ խոնարհված չէի, սխալվում էի, բայց հիմա պահում եմ քո խոսքը։ Բարի ես դու և բարերար. քո հրամանները սովորեցրո՛ւ ինձ։ Ամբարտավանները սուտ են հնարում իմ մասին, բայց ես ամբողջ սրտով պիտի պահեմ քո պատվիրանները։ Նրանց սիրտը պարարտ է, ինչպես ճարպը, բայց ես ուրախանում եմ քո օրենքով։ Ինձ համար լավ էր, որ խոնարհվեցի, որ սովորեմ քո հրամանները։