Նեղությունը և ցավը գտան ինձ. քո պատվիրաններն իմ ուրախությունն են։
Քո վկայությունների արդարությունը հավիտյան է. իմաստո՛ւն դարձրու ինձ, և պիտի ապրեմ։
Ամբողջ սրտով կանչում եմ. լսի՛ր ինձ, Տե՛ր, և ես պիտի պահեմ քո հրամանները։
Քեզ եմ կանչում. փրկի՛ր ինձ, և ես պիտի պահեմ քո վկայությունները։
Կանուխ գալիս եմ արշալույսին և աղաղակում. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։
Գիշերը չվերջացած՝ բացվում են իմ աչքերը՝ քո խոսքերի մասին մտածելու համար։
Լսի՛ր իմ ձայնը քո ողորմության համեմատ, Տե՛ր, քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
Անօրենության հետևողները մոտեցան, նրանք հեռացան քո օրենքից։
Տե՛ր, դու մոտիկ ես, և քո բոլոր պատվիրանները ճշմարտություն են։
Վաղուց իմացա քո վկայություններից, որ դու դրանք հաստատեցիր հավիտյան։
Տե՛ս իմ խեղճությունը և փրկի՛ր ինձ, որովհետև չեմ մոռանում քո օրենքը։
Պաշտպանի՛ր իմ իրավունքը և փրկի՛ր ինձ, քո խոսքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
Փրկությունը հեռու է ամբարիշտներից, որովհետև չեն փնտրում քո հրամանները։
Տե՛ր, շատ է քո բարեգթությունը. քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
Շատ են ինձ հալածողներն ու նեղություն տվողները, բայց ես դուրս չեմ գալիս քո օրենքից։
Ես տեսնում եմ քո դեմ ապստամբածներին և զզվում եմ նրա համար, որ չեն պահում քո խոսքը։
Տե՛ս, որ սիրում եմ քո պատվիրանները, Տե՛ր, քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
Քո խոսքի սկիզբը ճշմարտություն է, և հավիտյան են քո բոլոր արդար վճիռները։
Իշխաններն իզուր հալածում են ինձ, բայց իմ սիրտը վախենում է քո խոսքերից։
Ես ցնծում եմ քո խոսքով, ինչպես մեկը, որ շատ ավար է գտնում։
Ատում եմ ստությունը և համարում գարշելի. քո օրե՛նքն եմ սիրում։
Օրը յոթ անգամ օրհնում եմ քեզ քո արդար վճիռների համար։
Մեծ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար, և գայթակղություն չկա նրանց համար։
Տե՛ր, ես սպասում եմ քո փրկությանը և կատարում եմ քո պատվիրանները։
Իմ անձը պահում է քո վկայությունները, և ես շատ եմ սիրում դրանք։
Ես պահում եմ քո պատվիրաններն ու վկայությունները, որովհետև իմ բոլոր ճանապարհները քո առաջ են։
Տե՛ր, թող իմ աղաղակը մոտ գա քո առջև. քո խոսքի համեմատ իմաստո՛ւն դարձրու ինձ։
Թող իմ աղաչանքը հասնի քո առջև. քո խոսքի համեմատ փրկի՛ր ինձ։
Իմ շրթունքները օրհնություն են բխում, որ ինձ սովորեցնես քո հրամանները։
Իմ լեզուն թող խոսի քո խոսքի մասին, որովհետև քո բոլոր պատվիրաններն արդար են։
Ձեռքդ թող օգնական լինի ինձ, որովհետև ես ընտրում եմ քո պատվիրանները։
Տե՛ր, ես ցանկանում եմ քո փրկությունը, և քո օրենքն է իմ ուրախությունը։
Իմ անձը թող ապրի և օրհնի քեզ, և ինձ թող օգնեն քո իրավունքները։
Ես մոլորվեցի ինչպես կորած ոչխար. եկ փնտրի՛ր քո ծառային, որովհետև ես չմոռացա քո պատվիրանները։