ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:1-40

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:1-40 ՆՎԱԱ

Երանելի են ճանապարհով անմեղները, որոնք գնում են Տիրոջ օրենքով։ Երանելի են նրա վկայությունները պահողները, որ ամբողջ սրտով փնտրում են նրան։ Որովհետև նրանք անօրենություն չեն գործում, այլ գնում են նրա ճանապարհներով։ Դու պատվիրեցիր, որ քո հրամանները պինդ պահենք։ Երանի՜ իմ ճանապարհները հաջող լինեն՝ պահելու քո կանոնները։ Այդ դեպքում չեմ ամաչի, երբ քո բոլոր պատվիրաններին հետևեմ։ Ես քեզ պիտի գովաբանեմ ուղիղ սրտով, երբ որ քո արդար վճիռներն իմանամ։ Քո կանոնները պիտի պահեմ. ինձ բոլորովին մի՛ լքիր։ Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով քո խոսքի համեմատ։ Իմ ամբողջ սրտով փնտրեցի քեզ. մի՛ թող ինձ, որ մոլորվեմ քո պատվիրաններից։ Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։ Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները։ Իմ շրթունքներով պատմում եմ քո բերանի բոլոր իրավունքները։ Ուրախանում եմ քո վկայությունների ճանապարհով, ինչպես ամեն տեսակ հարստությամբ։ Քո հրամանների մասին պիտի մտածեմ, քո ճանապարհներին պիտի նայեմ։ Քո կանոններով պիտի ուրախանամ և քո խոսքը չպիտի մոռանամ։ Բարությո՛ւն արա քո ծառային, որ ապրեմ և գործադրեմ քո խոսքը։ Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրենքի հրաշքները։ Ես պանդուխտ եմ երկրի վրա, ինձնից մի՛ թաքցրու քո պատվիրանները։ Իմ անձը մաշվել է ամեն ժամանակ քո իրավունքները ցանկանալուց։ Դու սաստեցիր անիծված ամբարտավաններին, որ մոլորվեցին քո պատվիրաններից։ Նախատինքն ու անարգանքը վերցրո՛ւ ինձնից, որ պահեմ քո վկայությունները։ Իշխաններ էլ են նստում և խոսում իմ դեմ. քո ծառան մտածում է քո հրամանների մասին։ Հիրավի, քո վկայություններն իմ ուրախությունն են և իմ խորհրդականները։ Իմ անձը կպավ հողին. քո խոսքի համաձայն ապրեցրո՛ւ ինձ։ Ես պատմում եմ իմ ճանապարհների մասին, և դու լսում ես ինձ. սովորեցրո՛ւ ինձ քո հրամանները։ Իմացրո՛ւ ինձ քո պատվիրանների ճանապարհները, և ես պիտի մտածեմ քո սքանչելիքների մասին։ Իմ անձը հալվեց տրտմությունից. հաստատի՛ր ինձ քո խոսքի համեմատ։ Ստության ճանապարհը հեռացրո՛ւ ինձնից և քո օրենքը շնորհի՛ր ինձ։ Ես ընտրեցի ճշմարտության ճանապարհը. քո իրավունքները դրեցի իմ առջև։ Մոտեցա քո վկայություններին, Տե՛ր, ինձ մի՛ ամաչեցրու։ Պիտի վազեմ քո պատվիրանների ճանապարհով, որովհետև դու լայնացրիր իմ սիրտը։ Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո կանոնների ճանապարհը, որ մինչև վերջը պահեմ այն։ Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ պահեմ քո օրենքը և ամբողջ սրտով կատարեմ այն։ Առաջնորդի՛ր ինձ քո պատվիրանների շավիղներով, որոնք հավանեցիր։ Իմ սիրտը խոնարհեցրո՛ւ դեպի քո վկայությունները և ոչ թե դեպի ագահությունը։ Դեպի հե՛տ դարձրու իմ աչքերը, որ ունայն բան չտեսնեն, և ինձ ապրեցրո՛ւ քո ճանապարհների մեջ։ Քո խոսքը հաստատի՛ր քո ծառայի համար, որ վախենում է քեզնից։ Ինձնից վանի՛ր իմ նախատինքը, որից վախեցա, որովհետև բարի են քո իրավունքները։ Ահա ցանկացա քո պատվիրանները. քո արդարությամբ ապրեցրո՛ւ ինձ։