ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:1-176

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:1-176 ՆՎԱԱ

Երանելի են ճանապարհով անմեղները, որոնք գնում են Տիրոջ օրենքով։ Երանելի են նրա վկայությունները պահողները, որ ամբողջ սրտով փնտրում են նրան։ Որովհետև նրանք անօրենություն չեն գործում, այլ գնում են նրա ճանապարհներով։ Դու պատվիրեցիր, որ քո հրամանները պինդ պահենք։ Երանի՜ իմ ճանապարհները հաջող լինեն՝ պահելու քո կանոնները։ Այդ դեպքում չեմ ամաչի, երբ քո բոլոր պատվիրաններին հետևեմ։ Ես քեզ պիտի գովաբանեմ ուղիղ սրտով, երբ որ քո արդար վճիռներն իմանամ։ Քո կանոնները պիտի պահեմ. ինձ բոլորովին մի՛ լքիր։ Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով քո խոսքի համեմատ։ Իմ ամբողջ սրտով փնտրեցի քեզ. մի՛ թող ինձ, որ մոլորվեմ քո պատվիրաններից։ Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։ Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները։ Իմ շրթունքներով պատմում եմ քո բերանի բոլոր իրավունքները։ Ուրախանում եմ քո վկայությունների ճանապարհով, ինչպես ամեն տեսակ հարստությամբ։ Քո հրամանների մասին պիտի մտածեմ, քո ճանապարհներին պիտի նայեմ։ Քո կանոններով պիտի ուրախանամ և քո խոսքը չպիտի մոռանամ։ Բարությո՛ւն արա քո ծառային, որ ապրեմ և գործադրեմ քո խոսքը։ Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրենքի հրաշքները։ Ես պանդուխտ եմ երկրի վրա, ինձնից մի՛ թաքցրու քո պատվիրանները։ Իմ անձը մաշվել է ամեն ժամանակ քո իրավունքները ցանկանալուց։ Դու սաստեցիր անիծված ամբարտավաններին, որ մոլորվեցին քո պատվիրաններից։ Նախատինքն ու անարգանքը վերցրո՛ւ ինձնից, որ պահեմ քո վկայությունները։ Իշխաններ էլ են նստում և խոսում իմ դեմ. քո ծառան մտածում է քո հրամանների մասին։ Հիրավի, քո վկայություններն իմ ուրախությունն են և իմ խորհրդականները։ Իմ անձը կպավ հողին. քո խոսքի համաձայն ապրեցրո՛ւ ինձ։ Ես պատմում եմ իմ ճանապարհների մասին, և դու լսում ես ինձ. սովորեցրո՛ւ ինձ քո հրամանները։ Իմացրո՛ւ ինձ քո պատվիրանների ճանապարհները, և ես պիտի մտածեմ քո սքանչելիքների մասին։ Իմ անձը հալվեց տրտմությունից. հաստատի՛ր ինձ քո խոսքի համեմատ։ Ստության ճանապարհը հեռացրո՛ւ ինձնից և քո օրենքը շնորհի՛ր ինձ։ Ես ընտրեցի ճշմարտության ճանապարհը. քո իրավունքները դրեցի իմ առջև։ Մոտեցա քո վկայություններին, Տե՛ր, ինձ մի՛ ամաչեցրու։ Պիտի վազեմ քո պատվիրանների ճանապարհով, որովհետև դու լայնացրիր իմ սիրտը։ Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո կանոնների ճանապարհը, որ մինչև վերջը պահեմ այն։ Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ պահեմ քո օրենքը և ամբողջ սրտով կատարեմ այն։ Առաջնորդի՛ր ինձ քո պատվիրանների շավիղներով, որոնք հավանեցիր։ Իմ սիրտը խոնարհեցրո՛ւ դեպի քո վկայությունները և ոչ թե դեպի ագահությունը։ Դեպի հե՛տ դարձրու իմ աչքերը, որ ունայն բան չտեսնեն, և ինձ ապրեցրո՛ւ քո ճանապարհների մեջ։ Քո խոսքը հաստատի՛ր քո ծառայի համար, որ վախենում է քեզնից։ Ինձնից վանի՛ր իմ նախատինքը, որից վախեցա, որովհետև բարի են քո իրավունքները։ Ահա ցանկացա քո պատվիրանները. քո արդարությամբ ապրեցրո՛ւ ինձ։ Տե՛ր, քո ողորմությունը թող գա ինձ վրա, և քո փրկությունը՝ քո խոսքի համաձայն։ Ես պատասխան կտամ խոսքով ինձ նախատողներին, որովհետև հույսս քո խոսքի վրա եմ դրել։ Քո ճշմարտության խոսքն ամենևին մի՛ հեռացրու իմ բերանից, որովհետև հույսս դրել եմ քո իրավունքի վրա։ Քո օրենքը պիտի պահեմ ամեն ժամանակ՝ հավիտյանս հավիտենից։ Ես ազատ պիտի գնամ, որովհետև խնդրեցի քո պատվիրանները։ Քո վկայությունների մասին պիտի խոսեմ թագավորների առջև և չպիտի ամաչեմ։ Ես պիտի ուրախանամ քո պատվիրաններով, որոնք սիրում եմ։ Իմ ձեռքը պիտի բարձրացնեմ դեպի քո պատվիրանները, որոնք սիրում եմ, և պիտի մտածեմ քո հրամանների մասին։ Հիշի՛ր քո ծառայի համար տրված խոսքը, որի վրա դրեցի իմ հույսը։ Նեղությանս մեջ իմ մխիթարությունն այն է, որ քո խոսքն ապրեցնում է ինձ։ Ամբարտավանները շատ խիստ ծաղրում են ինձ, բայց ես չեմ շեղվում քո օրենքից։ Տե՛ր, հիշում եմ քո հավերժական վճիռները և մխիթարվում։ Բարկությունը տիրեց ինձ այն ամբարիշտների դեմ, որոնք թողնում են քո օրենքը։ Քո հրամանները երգ են ինձ համար իմ պանդխտության տան մեջ։ Տե՛ր, գիշերը հիշում եմ քո անունը և պահում եմ քո օրենքը։ Այս ինձ համար պատճառ եղավ, որ պահեմ քո հրամանները։ Իմ բաժինը դու ես, Տե՛ր. ես ասացի, որ պիտի պահեմ քո խոսքերը։ Ամբողջ սրտով աղաչում եմ քո առջև. ողորմի՛ր ինձ քո խոսքի համաձայն։ Ես մտածում եմ քո ճանապարհների մասին և իմ ոտքերը շրջում եմ դեպի քո վկայությունները։ Շտապում եմ և չեմ ուշանում, որ պահեմ քո պատվիրանները։ Ամբարիշտների պարանները պատեցին ինձ, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։ Կեսգիշերին վեր եմ կենում, որ գովաբանեմ քեզ քո արդար իրավունքի համար։ Ես ընկերն եմ բոլոր նրանց, ովքեր վախենում են քեզնից և պահում են քո պատվիրանները։ Տե՛ր, երկիրը լիքն է քո ողորմությամբ. քո հրամանները սովորեցրո՛ւ ինձ։ Բարություն արեցիր, Տե՛ր, քո ծառային՝ քո խոսքի համաձայն։ Բարի իմաստություն և գիտությո՛ւն սովորեցրու ինձ, որովհետև հավատում եմ քո պատվիրաններին։ Քանի դեռ խոնարհված չէի, սխալվում էի, բայց հիմա պահում եմ քո խոսքը։ Բարի ես դու և բարերար. քո հրամանները սովորեցրո՛ւ ինձ։ Ամբարտավանները սուտ են հնարում իմ մասին, բայց ես ամբողջ սրտով պիտի պահեմ քո պատվիրանները։ Նրանց սիրտը պարարտ է, ինչպես ճարպը, բայց ես ուրախանում եմ քո օրենքով։ Ինձ համար լավ էր, որ խոնարհվեցի, որ սովորեմ քո հրամանները։ Քո բերանի օրենքն ինձ համար բարի է ավելի, քան հազարավոր ոսկի ու արծաթ։ Քո ձեռքերն արարեցին ինձ և հաստատեցին ինձ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ սովորեմ քո պատվիրանները։ Քեզնից վախեցողները պիտի տեսնեն ինձ և ուրախ լինեն, որովհետև հույսս քո խոսքերի վրա դրեցի։ Գիտեմ, Տե՛ր, որ արդարությամբ են քո դատաստանները, և իրավունքով ինձ խոնարհեցրիր։ Թող քո ողորմությունն ինձ համար մխիթարություն լինի քո ծառային տված խոսքիդ համաձայն։ Քո բարեգթությունը թող գա ինձ վրա, որ ապրեմ, որովհետև քո օրենքն է իմ ուրախությունը։ Ամբարտավանները թող ամոթահար լինեն, որովհետև իզուր անիրավություն գործեցին իմ դեմ, բայց ես պիտի մտածեմ քո պատվիրանների մասին։ Ինձ մոտ թող վերադառնան քեզնից վախեցողները և քո վկայությունները ճանաչողները։ Իմ սիրտը թող անմեղ լինի քո հրամանների մեջ, որպեսզի չամաչեմ։ Իմ անձը մաշվեց՝ սպասելով քո փրկությանը, բայց ես հույսս քո խոսքի վրա դրեցի։ Իմ աչքերը մաշվեցին քո խոսքը ցանկանալու համար. ես ասում եմ. «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»։ Որովհետև ես ծխի մեջ կախված տիկի պես եղա, բայց քո հրամանները չմոռացա։ Որքա՞ն են քո ծառայի կյանքի օրերը. ե՞րբ պիտի դատաստան անես ինձ հալածողներին։ Ամբարտավանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրենքի համաձայն չեն։ Քո բոլոր պատվիրանները ճշմարիտ են, զուր տեղն են հալածում ինձ. օգնի՛ր ինձ։ Քիչ էր մնացել, որ ինձ կորցնեին երկրի մեջ, բայց ես չեմ թողնում քո պատվիրանները։ Քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ, և ես պիտի պահեմ քո բերանի վկայությունները։ Ո՜վ Տեր, քո խոսքը հավիտյան հաստատված է երկնքում։ Քո ճշմարտությունը մնում է սերնդից սերունդ. դու հաստատեցիր երկիրը, և նա կա։ Ըստ քո հրամանների մնում են այսօր էլ, որովհետև բոլորը քո ծառաներն են։ Եթե քո օրենքն իմ ուրախությունը չլիներ, ես վաղուց կորած կլինեի իմ խեղճության մեջ։ Հավիտյան չեմ մոռանա քո պատվիրանները, որովհետև նրանցով ապրեցրիր ինձ։ Ես քոնն եմ, փրկի՛ր ինձ, որովհետև փնտրում եմ քո պատվիրանները։ Ամբարիշտները սպասում են ինձ, որ ինձ կորցնեն, բայց ես մտաբերում եմ քո պատվիրանները։ Ամեն մի կատարյալ բանի վերջը տեսա, բայց քո պատվիրանը չափազանց ընդարձակ է։ Որքա՜ն եմ սիրում քո օրենքը. ամեն օր այն է իմ մտածմունքը։ Քո պատվիրաններն ինձ իմ թշնամիներից իմաստուն դարձրին, որովհետև դրանք իմն են հավիտյան։ Իմ բոլոր ուսուցիչներից իմաստուն եղա, որովհետև իմ մտածմունքը քո վկայություններն են։ Ծերերից ավելի խելացի եղա, որովհետև պահում եմ քո պատվիրանները։ Ամեն մի չար ճանապարհից ոտքերս հետ եմ քաշում, որ քո խոսքը պահեմ։ Քո վճիռներից չեմ հեռանում, որովհետև դու սովորեցնում ես ինձ։ Որքա՜ն քաղցր է քո խոսքն իմ քիմքին, մեղրից էլ ավելի՝ իմ բերանին։ Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհ։ Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար։ Ես երդվեցի և պիտի կատարեմ այն, որ պահեմ քո արդարության իրավունքը։ Ես շատ խոնարհվեցի. Տե՛ր, ապրեցրո՛ւ ինձ քո խոսքի համաձայն։ Ընդունի՛ր իմ բերանի կամավոր զոհերը, Տե՛ր, և ինձ սովորեցրո՛ւ քո իրավունքները։ Իմ անձն ամեն ժամանակ իմ ձեռքի մեջ է, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։ Ամբարիշտները որոգայթ դրեցին իմ դեմ, բայց ես չեմ մոլորվում քո պատվիրաններից։ Ես քո վկայությունները ժառանգեցի մինչև հավիտյան, որովհետև նրանք իմ սրտի ցնծությունն են։ Ես խոնարհեցրի իմ սիրտը, որ քո հրամանները կատարեմ հավիտյան՝ մինչև վախճանը։ Ես ատում եմ երկմիտներին. քո օրե՛նքը սիրեցի։ Իմ հովանին և պահապանը դու ես. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։ Հեռո՛ւ կացեք ինձնից, ո՛վ չարամիտներ, որովհետև ես պիտի պահեմ իմ Աստծու պատվիրանները։ Ինձ պահպանի՛ր քո խոսքի համաձայն, որ ապրեմ, և ինձ մի՛ ամաչեցրու իմ հույսի համար։ Օգնի՛ր ինձ, և ես կապրեմ. ամեն ժամանակ պիտի մտածեմ քո հրամանների մասին։ Դու անարգում ես բոլոր նրանց, ովքեր հեռանում են քո հրամաններից, որովհետև նրանց նենգությունը սուտ է։ Դու կեղտ ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին, դրա համար էլ ես սիրում եմ քո վկայությունները։ Մարմինս դողում է քո ահից, և ես վախենում եմ քո դատաստաններից։ Ես իրավունք և արդարություն գործեցի. ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը։ Քո ծառային երաշխավորի՛ր իր բարիքի համար, որ ամբարտավանները չնեղացնեն ինձ։ Աչքերս մաշվեցին քո փրկությանը և քո արդարության խոսքին սպասելով։ Քո ծառայի հետ վարվի՛ր քո ողորմության համեմատ և ինձ սովորեցրո՛ւ քո հրամանները։ Ես քո ծառան եմ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ ճանաչեմ քո վկայությունները։ Ժամանակն է, որ Տերն անի այս, որովհետև նրանք խափանեցին քո օրենքը։ Դրա համար էլ ոսկուց և ազնիվ ոսկուց ավելի ես քո պատվիրաններն եմ սիրում։ Դրա համար էլ լիովին ուղիղ եմ պահում բոլոր պատվիրանները և ատում եմ ստության ամեն ճանապարհ։ Քո վկայությունները զարմանալի են, դրա համար էլ իմ անձը պահում է դրանք։ Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն դարձնում պարզամիտներին։ Իմ բերանը բացում և շունչ եմ առնում, որովհետև ցանկանում եմ քո պատվիրանները։ Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ այնպես, ինչպես դու սովոր ես անել քո անունը սիրողներին։ Իմ ընթացքը հաստատի՛ր քո խոսքի մեջ, և անօրենություն չի տիրի ինձ վրա։ Փրկի՛ր ինձ մարդկանց բռնությունից, և ես կպահեմ քո պատվիրանները։ Երեսդ լուսավորի՛ր քո ծառայի համար և ինձ սովորեցրո՛ւ քո հրամանները։ Ջրերի առուներ են ցած գալիս իմ աչքերից, որովհետև մարդիկ չեն պահում քո օրենքը։ Դու արդար ես, Տե՛ր, և ուղիղ են քո դատաստանները։ Քո վկայությունների արդարությունը պատվիրեցիր, և դրանք կատարյալ ճշմարիտ են։ Իմ նախանձը մաշեց ինձ, որովհետև թշնամիներս մոռանում են քո խոսքը։ Քո խոսքը չափազանց մաքուր է, և քո ծառան սիրում է այն։ Ես ցածր և անարգված եմ, բայց չեմ մոռանում քո պատվիրանները։ Քո արդարությունը հավիտենական արդարություն է, և քո օրենքը՝ ճշմարիտ։ Նեղությունը և ցավը գտան ինձ. քո պատվիրաններն իմ ուրախությունն են։ Քո վկայությունների արդարությունը հավիտյան է. իմաստո՛ւն դարձրու ինձ, և պիտի ապրեմ։ Ամբողջ սրտով կանչում եմ. լսի՛ր ինձ, Տե՛ր, և ես պիտի պահեմ քո հրամանները։ Քեզ եմ կանչում. փրկի՛ր ինձ, և ես պիտի պահեմ քո վկայությունները։ Կանուխ գալիս եմ արշալույսին և աղաղակում. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։ Գիշերը չվերջացած՝ բացվում են իմ աչքերը՝ քո խոսքերի մասին մտածելու համար։ Լսի՛ր իմ ձայնը քո ողորմության համեմատ, Տե՛ր, քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։ Անօրենության հետևողները մոտեցան, նրանք հեռացան քո օրենքից։ Տե՛ր, դու մոտիկ ես, և քո բոլոր պատվիրանները ճշմարտություն են։ Վաղուց իմացա քո վկայություններից, որ դու դրանք հաստատեցիր հավիտյան։ Տե՛ս իմ խեղճությունը և փրկի՛ր ինձ, որովհետև չեմ մոռանում քո օրենքը։ Պաշտպանի՛ր իմ իրավունքը և փրկի՛ր ինձ, քո խոսքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։ Փրկությունը հեռու է ամբարիշտներից, որովհետև չեն փնտրում քո հրամանները։ Տե՛ր, շատ է քո բարեգթությունը. քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։ Շատ են ինձ հալածողներն ու նեղություն տվողները, բայց ես դուրս չեմ գալիս քո օրենքից։ Ես տեսնում եմ քո դեմ ապստամբածներին և զզվում եմ նրա համար, որ չեն պահում քո խոսքը։ Տե՛ս, որ սիրում եմ քո պատվիրանները, Տե՛ր, քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ։ Քո խոսքի սկիզբը ճշմարտություն է, և հավիտյան են քո բոլոր արդար վճիռները։ Իշխաններն իզուր հալածում են ինձ, բայց իմ սիրտը վախենում է քո խոսքերից։ Ես ցնծում եմ քո խոսքով, ինչպես մեկը, որ շատ ավար է գտնում։ Ատում եմ ստությունը և համարում գարշելի. քո օրե՛նքն եմ սիրում։ Օրը յոթ անգամ օրհնում եմ քեզ քո արդար վճիռների համար։ Մեծ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար, և գայթակղություն չկա նրանց համար։ Տե՛ր, ես սպասում եմ քո փրկությանը և կատարում եմ քո պատվիրանները։ Իմ անձը պահում է քո վկայությունները, և ես շատ եմ սիրում դրանք։ Ես պահում եմ քո պատվիրաններն ու վկայությունները, որովհետև իմ բոլոր ճանապարհները քո առաջ են։ Տե՛ր, թող իմ աղաղակը մոտ գա քո առջև. քո խոսքի համեմատ իմաստո՛ւն դարձրու ինձ։ Թող իմ աղաչանքը հասնի քո առջև. քո խոսքի համեմատ փրկի՛ր ինձ։ Իմ շրթունքները օրհնություն են բխում, որ ինձ սովորեցնես քո հրամանները։ Իմ լեզուն թող խոսի քո խոսքի մասին, որովհետև քո բոլոր պատվիրաններն արդար են։ Ձեռքդ թող օգնական լինի ինձ, որովհետև ես ընտրում եմ քո պատվիրանները։ Տե՛ր, ես ցանկանում եմ քո փրկությունը, և քո օրենքն է իմ ուրախությունը։ Իմ անձը թող ապրի և օրհնի քեզ, և ինձ թող օգնեն քո իրավունքները։ Ես մոլորվեցի ինչպես կորած ոչխար. եկ փնտրի՛ր քո ծառային, որովհետև ես չմոռացա քո պատվիրանները։