ՍԱՂՄՈՍՆԵՐ 107:17-42

ՍԱՂՄՈՍՆԵՐ 107:17-42 ՆՎԱԱ

Հիմարներն իրենց անօրենության ճանապարհի համար և իրենց անիրավությունների համար նեղություններ քաշեցին. Նրանց անձերը զզվեցին ամեն կերակուրից և մոտեցան մահվան դռներին։ Եվ իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից. Ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց և նրանց ազատեց իրենց կորստից։ Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։ Թող գոհության պատարագներ մատուցեն և ցնծությամբ պատմեն նրա գործերի մասին։ Նրանք, որ ծովն են իջնում նավերով և գործ են կատարում հորդառատ ջրերի մեջ, Նրանք տեսան Տիրոջ գործերը և նրա հրաշքները անդունդների մեջ։ Նա ասաց, և մրրկալի քամի փչեց, բարձրացրեց նրա ալիքները։ Դեպի վեր՝ երկինք ելան և վար՝ անդունդ իջան, և նրանց անձերը մաշվեցին նեղությունից. Շփոթվեցին և տատանվեցին հարբած մարդու պես, և նրանց ողջ իմաստությունը կորավ։ Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից։ Մրրիկը հանդարտության փոխվեց, և նրա ալիքները հանգստացան։ Նրանք ուրախացան, որ դադարեց, և նրանց առաջնորդեց դեպի նավահանգիստ, այնտեղ, ուր ցանկանում էին։ Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։ Թող նրան բարձր գովեն ժողովրդի հավաքույթում և ծերերի ատյանում օրհնեն նրան։ Նա գետերը անապատ է դարձնում և ջրերի հոսանքը՝ ծարավ երկիր։ Պտղաբեր երկիրն աղի հող է դարձնում նրա բնակիչների չարության պատճառով։ Անապատը փոխում է ջրերի լճի և ծարավ երկիրը՝ ջրերի հոսանքի։ Այնտեղ բնակեցնում է սովածներին, և նրանք քաղաք են հիմնում բնակվելու համար։ Արտեր են ցանում և այգիներ տնկում, որ պտուղ ու բերք բերեն։ Եվ նա օրհնում է դրանք, որ չափազանց շատանան, և չի պակասեցնում նրանց անասունները։ Բայց դարձյալ պակասում են և իջնում իրենց չարիքների նեղությունից ու տրտմությունից։ Նա անարգանք է թափում իշխանների վրա և մոլորեցնում է նրանց անճանապարհ անապատում, Բայց աղքատին բարձրացնում է խեղճությունից և նրա ցեղը դարձնում է ոչխարների հոտի պես։ Ուղիղները պիտի տեսնեն և ուրախ լինեն, բայց ամեն անօրենություն պիտի փակի իր բերանը։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում