Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։
Տիրոջ փրկածները թող ասեն, որ իրենց փրկեց թշնամու ձեռքից.
Որ իրենց ժողովեց երկրներից, արևելքից և արևմուտքից, հյուսիսից և ծովից.
Որ իրենք մոլորված էին անապատի մեջ՝ անջուր ճանապարհին, որ բնակվելու քաղաք չէին գտնում.
Որ սոված ու ծարավ էին, և իրենց անձերը թուլացել էին իրենց մեջ.
Եվ իրենց նեղության մեջ իրենք աղաղակեցին Տիրոջը, և նա փրկեց նրանց իրենց վշտերից
Եվ առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ բնակության քաղաք գնան։
Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին.
Որովհետև նա կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ։
Նրանք, որ նստում էին խավարի և մահվան ստվերում՝ նեղության մեջ և երկաթով կապված,
Որովհետև հակառակ եղան Աստծու խոսքերին և անարգեցին Բարձրյալի մտադրությունները.
Նաև նրանց սիրտը խոնարհեցրեց նեղությամբ, և նրանք տկարացան, և ոչ ոք չկար, որ օգներ։
Եվ իրենց նեղության մեջ աղաղակեցին Տիրոջը, և նրանց փրկեց իրենց վշտերից։
Նրանց հանեց խավարից և մահվան ստվերից և կոտրատեց նրանց կապանքները։
Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին,
Որովհետև նա փշրեց պղնձե դռները և երկաթե նիգերը կոտրատեց։
Հիմարներն իրենց անօրենության ճանապարհի համար և իրենց անիրավությունների համար նեղություններ քաշեցին.
Նրանց անձերը զզվեցին ամեն կերակուրից և մոտեցան մահվան դռներին։
Եվ իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից.
Ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց և նրանց ազատեց իրենց կորստից։
Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։
Թող գոհության պատարագներ մատուցեն և ցնծությամբ պատմեն նրա գործերի մասին։
Նրանք, որ ծովն են իջնում նավերով և գործ են կատարում հորդառատ ջրերի մեջ,
Նրանք տեսան Տիրոջ գործերը և նրա հրաշքները անդունդների մեջ։
Նա ասաց, և մրրկալի քամի փչեց, բարձրացրեց նրա ալիքները։
Դեպի վեր՝ երկինք ելան և վար՝ անդունդ իջան, և նրանց անձերը մաշվեցին նեղությունից.
Շփոթվեցին և տատանվեցին հարբած մարդու պես, և նրանց ողջ իմաստությունը կորավ։
Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից։
Մրրիկը հանդարտության փոխվեց, և նրա ալիքները հանգստացան։
Նրանք ուրախացան, որ դադարեց, և նրանց առաջնորդեց դեպի նավահանգիստ, այնտեղ, ուր ցանկանում էին։
Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։
Թող նրան բարձր գովեն ժողովրդի հավաքույթում և ծերերի ատյանում օրհնեն նրան։
Նա գետերը անապատ է դարձնում և ջրերի հոսանքը՝ ծարավ երկիր։
Պտղաբեր երկիրն աղի հող է դարձնում նրա բնակիչների չարության պատճառով։
Անապատը փոխում է ջրերի լճի և ծարավ երկիրը՝ ջրերի հոսանքի։
Այնտեղ բնակեցնում է սովածներին, և նրանք քաղաք են հիմնում բնակվելու համար։
Արտեր են ցանում և այգիներ տնկում, որ պտուղ ու բերք բերեն։
Եվ նա օրհնում է դրանք, որ չափազանց շատանան, և չի պակասեցնում նրանց անասունները։
Բայց դարձյալ պակասում են և իջնում իրենց չարիքների նեղությունից ու տրտմությունից։
Նա անարգանք է թափում իշխանների վրա և մոլորեցնում է նրանց անճանապարհ անապատում,
Բայց աղքատին բարձրացնում է խեղճությունից և նրա ցեղը դարձնում է ոչխարների հոտի պես։
Ուղիղները պիտի տեսնեն և ուրախ լինեն, բայց ամեն անօրենություն պիտի փակի իր բերանը։
Ո՞վ է իմաստուն, որ այս բաները պահի. նա պիտի հասկանա Տիրոջ ողորմությունները։