ՍԱՂՄՈՍՆԵՐ 105:7-24

ՍԱՂՄՈՍՆԵՐ 105:7-24 ՆՎԱԱ

Ինքը՝ Տերն է մեր Աստվածը. նրա վճիռները ամբողջ երկրի մեջ են։ Նա հավիտյան հիշում է իր ուխտը, այն խոսքը, որ պատվիրեց մինչև հազար սերունդ. Այն ուխտը, որ դրեց Աբրահամի հետ, և իր երդումը՝ Իսահակի հետ։ Եվ հաստատեց, որ Հակոբի համար օրենք լինի և Իսրայելի համար՝ հավիտենական ուխտ՝ Ասելով. «Քեզ պիտի տամ Քանանի երկիրը, որ ձեզ համար ժառանգության երկիր լինի»։ Երբ նրանք սակավաթիվ էին, քիչ էին և պանդուխտ՝ նրա մեջ, Եվ ազգից ազգ էին գնում, մի թագավորությունից՝ ուրիշ ժողովրդի մեջ, Նա թույլ չտվեց, որ մարդիկ նեղացնեն նրանց, և թագավորների էլ պատժեց նրանց համար. «Մի՛ դիպեք իմ օծյալներին և իմ մարգարեներին չարություն մի՛ արեք»։ Սովի մատնեց երկիրը և կոտրեց հացի ամբողջ զորությունը։ Նրանցից առաջ մարդ ուղարկեց՝ Հովսեփին, որ ծախվեց ծառայության։ Նրա ոտքերը չարչարեցին կապանքների մեջ, նրա անձը դրեցին երկաթի մեջ Մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը կատարվեց. Տիրոջ խոսքը փորձեց նրան։ Թագավորն ուղարկեց և արձակեց նրան. նրան, որ տիրում էր ժողովուրդներին, ազատեց։ Իր տան վրա նրան տեր նշանակեց և իշխան՝ իր ամբողջ ունեցվածքի վրա, Որ իշխաններին կապի իր կամքի համաձայն և ծերերին դարձնի իմաստուն։ Իսրայելը եկավ Եգիպտոս, և Հակոբը պանդուխտ եղավ Քամի երկրում։ Տերը խիստ շատացրեց իր ժողովրդին և նրան իր թշնամիներից հզոր դարձրեց։