ՍԱՂՄՈՍՆԵՐ 105:21-45

ՍԱՂՄՈՍՆԵՐ 105:21-45 ՆՎԱԱ

Իր տան վրա նրան տեր նշանակեց և իշխան՝ իր ամբողջ ունեցվածքի վրա, Որ իշխաններին կապի իր կամքի համաձայն և ծերերին դարձնի իմաստուն։ Իսրայելը եկավ Եգիպտոս, և Հակոբը պանդուխտ եղավ Քամի երկրում։ Տերը խիստ շատացրեց իր ժողովրդին և նրան իր թշնամիներից հզոր դարձրեց։ Փոխեց նրանց սրտերը, որ ատեն իր ժողովրդին, որ նենգություն անեն իր ծառաների դեմ։ Ուղարկեց իր ծառա Մովսեսին և իր ընտրյալին՝ Ահարոնին։ Նրանք ցույց տվեցին նրա նշանները նրանց մեջ և հրաշքները՝ Քամի երկրում։ Խավար ուղարկեց և խավարեցրեց, և չհակառակվեցին նրա խոսքին։ Նրանց ջրերը փոխեց արյան և սպանեց նրանց ձկներին։ Նրանց երկիրը գորտեր դուրս հանեց, մինչև իսկ թագավորի ներքին սենյակների մեջ։ Ասաց, և շնաճանճը եկավ, և մժեղներն էլ՝ նրանց բոլոր սահմանների մեջ։ Անձրևի փոխարեն կարկուտ տվեց նրանց, և կրակի բոց՝ նրանց երկրի մեջ։ Զարկեց նրանց որթատունկերն ու թզենիները և փշրեց նրանց սահմանների ծառերը։ Ասաց, և մորեխ ու թրթուր եկան, որոնց թիվ չկար, Եվ նրանց երկրում կերան ամբողջ խոտը և նրանց արտերի պտուղը կերան։ Եվ հարվածեց նրանց երկրի բոլոր անդրանիկներին՝ նրանց զորության բոլոր առաջնեկներին։ Նրանց հանեց արծաթով և ոսկով, և նրանց ցեղերի մեջ տկար մարդ չկար։ Եգիպտոսն ուրախացավ նրանց դուրս գալու համար, որովհետև նրանց սարսափն ընկել էր իրենց վրա։ Ամպ տարածեց, որ հովանի լինի, և կրակ, որ գիշերը լույս տա։ Խնդրեցին, և նա լորամարգիներ բերեց ու երկնքի հացով կշտացրեց նրանց։ Վեմը պատռեց, և ջրեր բխեցին. գետեր հոսեցին անջուր տեղերում. Որովհետև նա հիշեց իր սուրբ խոսքը և իր Աբրահամ ծառային։ Ցնծությամբ հանեց իր ժողովրդին և իր բանտարկյալներին՝ ուրախությամբ։ Հեթանոսների երկրներ տվեց նրանց, և ազգերի վաստակներ ժառանգեցին նրանք, Որպեսզի նրա պատվիրանները պահեն և կատարեն նրա օրենքները։ Ալելուիա՜։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 105:21-45 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում