ՍԱՂՄՈՍՆԵՐ 105:1-20

ՍԱՂՄՈՍՆԵՐ 105:1-20 ՆՎԱԱ

Գոհացե՛ք Տիրոջից, կանչեցե՛ք նրա անունը, ազգերի մեջ պատմեցե՛ք նրա գործերի մասին։ Օրհնեցե՛ք նրան. սաղմո՛ս ասացեք նրան, խոսեցե՛ք նրա բոլոր հրաշքների մասին։ Պարծեցե՛ք նրա սուրբ անունով. թող ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։ Փնտրեցե՛ք Տիրոջը և նրա զորությունը. փնտրեցե՛ք նրա երեսը ամեն ժամանակ։ Հիշե՛ք նրա արած հրաշքները, նրա արած նշանները և նրա բերանի վճիռները։ Ո՛վ դուք, որ նրա Աբրահամ ծառայի զավակներն եք, նրա ընտրյալ Հակոբի որդիները. Ինքը՝ Տերն է մեր Աստվածը. նրա վճիռները ամբողջ երկրի մեջ են։ Նա հավիտյան հիշում է իր ուխտը, այն խոսքը, որ պատվիրեց մինչև հազար սերունդ. Այն ուխտը, որ դրեց Աբրահամի հետ, և իր երդումը՝ Իսահակի հետ։ Եվ հաստատեց, որ Հակոբի համար օրենք լինի և Իսրայելի համար՝ հավիտենական ուխտ՝ Ասելով. «Քեզ պիտի տամ Քանանի երկիրը, որ ձեզ համար ժառանգության երկիր լինի»։ Երբ նրանք սակավաթիվ էին, քիչ էին և պանդուխտ՝ նրա մեջ, Եվ ազգից ազգ էին գնում, մի թագավորությունից՝ ուրիշ ժողովրդի մեջ, Նա թույլ չտվեց, որ մարդիկ նեղացնեն նրանց, և թագավորների էլ պատժեց նրանց համար. «Մի՛ դիպեք իմ օծյալներին և իմ մարգարեներին չարություն մի՛ արեք»։ Սովի մատնեց երկիրը և կոտրեց հացի ամբողջ զորությունը։ Նրանցից առաջ մարդ ուղարկեց՝ Հովսեփին, որ ծախվեց ծառայության։ Նրա ոտքերը չարչարեցին կապանքների մեջ, նրա անձը դրեցին երկաթի մեջ Մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը կատարվեց. Տիրոջ խոսքը փորձեց նրան։ Թագավորն ուղարկեց և արձակեց նրան. նրան, որ տիրում էր ժողովուրդներին, ազատեց։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում