ՍԱՂՄՈՍՆԵՐ 105
105
Աստված և իր ժողովուրդը
1Գոհացե՛ք Տիրոջից, կանչեցե՛ք նրա անունը, ազգերի մեջ պատմեցե՛ք նրա գործերի մասին։
2Օրհնեցե՛ք նրան. սաղմո՛ս ասացեք նրան, խոսեցե՛ք նրա բոլոր հրաշքների մասին։
3Պարծեցե՛ք նրա սուրբ անունով. թող ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։
4Փնտրեցե՛ք Տիրոջը և նրա զորությունը. փնտրեցե՛ք նրա երեսը ամեն ժամանակ։
5Հիշե՛ք նրա արած հրաշքները, նրա արած նշանները և նրա բերանի վճիռները։
6Ո՛վ դուք, որ նրա Աբրահամ ծառայի զավակներն եք, նրա ընտրյալ Հակոբի որդիները.
7Ինքը՝ Տերն է մեր Աստվածը. նրա վճիռները ամբողջ երկրի մեջ են։
8Նա հավիտյան հիշում է իր ուխտը, այն խոսքը, որ պատվիրեց մինչև հազար սերունդ.
9Այն ուխտը, որ դրեց Աբրահամի հետ, և իր երդումը՝ Իսահակի հետ։
10Եվ հաստատեց, որ Հակոբի համար օրենք լինի և Իսրայելի համար՝ հավիտենական ուխտ՝
11Ասելով. «Քեզ պիտի տամ Քանանի երկիրը, որ ձեզ համար ժառանգության երկիր լինի»։
12Երբ նրանք սակավաթիվ էին, քիչ էին և պանդուխտ՝ նրա մեջ,
13Եվ ազգից ազգ էին գնում, մի թագավորությունից՝ ուրիշ ժողովրդի մեջ,
14Նա թույլ չտվեց, որ մարդիկ նեղացնեն նրանց, և թագավորների էլ պատժեց նրանց համար.
15«Մի՛ դիպեք իմ օծյալներին և իմ մարգարեներին չարություն մի՛ արեք»։
16Սովի մատնեց երկիրը և կոտրեց հացի ամբողջ զորությունը։
17Նրանցից առաջ մարդ ուղարկեց՝ Հովսեփին, որ ծախվեց ծառայության։
18Նրա ոտքերը չարչարեցին կապանքների մեջ, նրա անձը դրեցին երկաթի մեջ
19Մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը կատարվեց. Տիրոջ խոսքը փորձեց նրան։
20Թագավորն ուղարկեց և արձակեց նրան. նրան, որ տիրում էր ժողովուրդներին, ազատեց։
21Իր տան վրա նրան տեր նշանակեց և իշխան՝ իր ամբողջ ունեցվածքի վրա,
22Որ իշխաններին կապի իր կամքի համաձայն և ծերերին դարձնի իմաստուն։
23Իսրայելը եկավ Եգիպտոս, և Հակոբը պանդուխտ եղավ Քամի երկրում։
24Տերը խիստ շատացրեց իր ժողովրդին և նրան իր թշնամիներից հզոր դարձրեց։
25Փոխեց նրանց սրտերը, որ ատեն իր ժողովրդին, որ նենգություն անեն իր ծառաների դեմ։
26Ուղարկեց իր ծառա Մովսեսին և իր ընտրյալին՝ Ահարոնին։
27Նրանք ցույց տվեցին նրա նշանները նրանց մեջ և հրաշքները՝ Քամի երկրում։
28Խավար ուղարկեց և խավարեցրեց, և չհակառակվեցին նրա խոսքին։
29Նրանց ջրերը փոխեց արյան և սպանեց նրանց ձկներին։
30Նրանց երկիրը գորտեր դուրս հանեց, մինչև իսկ թագավորի ներքին սենյակների մեջ։
31Ասաց, և շնաճանճը եկավ, և մժեղներն էլ՝ նրանց բոլոր սահմանների մեջ։
32Անձրևի փոխարեն կարկուտ տվեց նրանց, և կրակի բոց՝ նրանց երկրի մեջ։
33Զարկեց նրանց որթատունկերն ու թզենիները և փշրեց նրանց սահմանների ծառերը։
34Ասաց, և մորեխ ու թրթուր եկան, որոնց թիվ չկար,
35Եվ նրանց երկրում կերան ամբողջ խոտը և նրանց արտերի պտուղը կերան։
36Եվ հարվածեց նրանց երկրի բոլոր անդրանիկներին՝ նրանց զորության բոլոր առաջնեկներին։
37Նրանց հանեց արծաթով և ոսկով, և նրանց ցեղերի մեջ տկար մարդ չկար։
38Եգիպտոսն ուրախացավ նրանց դուրս գալու համար, որովհետև նրանց սարսափն ընկել էր իրենց վրա։
39Ամպ տարածեց, որ հովանի լինի, և կրակ, որ գիշերը լույս տա։
40Խնդրեցին, և նա լորամարգիներ բերեց ու երկնքի հացով կշտացրեց նրանց։
41Վեմը պատռեց, և ջրեր բխեցին. գետեր հոսեցին անջուր տեղերում.
42Որովհետև նա հիշեց իր սուրբ խոսքը և իր Աբրահամ ծառային։
43Ցնծությամբ հանեց իր ժողովրդին և իր բանտարկյալներին՝ ուրախությամբ։
44Հեթանոսների երկրներ տվեց նրանց, և ազգերի վաստակներ ժառանգեցին նրանք,
45Որպեսզի նրա պատվիրանները պահեն և կատարեն նրա օրենքները։ Ալելուիա՜։
Արդեն Ընտրված.
ՍԱՂՄՈՍՆԵՐ 105: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018