ՍԱՂՄՈՍՆԵՐ 104:16-35

ՍԱՂՄՈՍՆԵՐ 104:16-35 ՆՎԱԱ

Կշտանում են Տիրոջ ծառերը՝ Լիբանանի մայրիները, որոնք նա տնկեց։ Թռչուններն այնտեղ բույն են դնում, արագիլը եղևնիների վրա շինում է իր տունը։ Բարձր սարերը ապավեն են վայրի այծերի համար, և վեմերը՝ ճագարների։ Նա ժամանակների համար ստեղծեց լուսինը. արեգակը ճանաչում է իր մայրամուտը։ Խավար ես դնում, և գիշեր է լինում. անտառի բոլոր գազանները ման են գալիս նրա մթնում։ Առյուծների կորյունները մռնչում են հափշտակելու համար և Աստծուց խնդրում են իրենց կերակուրը։ Երբ արեգակը դուրս է գալիս, հետ են քաշվում և պառկում իրենց որջերում։ Մարդը դուրս է գնում իր գործին և իր ծառայությանը՝ մինչև իրիկուն։ Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՜վ Տեր. դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել. երկիրը լիքն է քո ստեղծածներով։ Այս ծովը մեծ է ու լայն. անթիվ են այնտեղ լողացողները՝ փոքր կենդանիները մեծերի հետ։ Այնտեղ նավեր են գնում ու գալիս. դու ստեղծեցիր նաև լևիաթանը, որ խաղա նրա մեջ։ Սրանք ամենքն էլ սպասում են քեզ, որ ժամանակին կերակուր տաս իրենց։ Դու տալիս ես նրանց, և նրանք հավաքում են, դու բացում ես քո ձեռքը, և նրանք կշտանում են բարիքով։ Ծածկում ես քո երեսը, սարսափում են, առնում ես նրանց հոգին, մեռնում են և վերադառնում են իրենց հողը։ Հոգիդ ուղարկում ես, և ստեղծվում են նրանք, և դու նորոգում ես երկրի երեսը։ Տիրոջ փառքը թող հավիտյան լինի, և Տերն ուրախ լինի իր գործերով։ Նա նայում է երկրին, և դողում է այն. նա դիպչում է լեռներին, և նրանք ծխում են։ Ես Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում, քանի կամ, պիտի սաղմոս ասեմ իմ Աստծուն։ Քաղցր պիտի լինի իմ մտածությունը նրա մասին. ես ուրախ պիտի լինեմ Տիրոջով։ Մեղավորները պիտի պակասեն երկրից, և ամբարիշտներն էլ չպիտի լինեն. օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։ Ալելուիա՜։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում