ՍԱՂՄՈՍՆԵՐ 102:14-28

ՍԱՂՄՈՍՆԵՐ 102:14-28 ՆՎԱԱ

Որովհետև քո ծառաները հավանեցին նրա քարերը և գթացին նրա փոշուն։ Եվ հեթանոսները պիտի վախենան Տիրոջ անունից, և երկրի բոլոր թագավորները՝ քո փառքից։ Քանզի Տերը պիտի շինի Սիոնը և իր փառքով պիտի երևա։ Նա ուշադրություն է դարձնում խեղճերի աղոթքին և չի անարգում նրանց աղոթքը։ Սա պիտի գրվի եկող սերնդի համար, և ստեղծվելիք ժողովուրդը պիտի գոհություն մատուցի Տիրոջը։ Որովհետև նա իր սրբարանի բարձունքից նայում է. Տերը երկնքից նայում է երկրին, Որպեսզի լսի կապվածի հառաչանքը և ազատ արձակի մահվան որդիներին, Որպեսզի Սիոնի մեջ պատմեն Տիրոջ անունը և նրա գովասանքը՝ Երուսաղեմում, Երբ մեկտեղ ժողովվեն ժողովուրդները և թագավորությունները՝ Տիրոջը ծառայելու համար։ Նա ճանապարհիս մեջ թուլացրեց իմ զորությունը և կարճացրեց իմ կյանքի օրերը։ Ես ասացի. «Ո՜վ Աստված իմ, ինձ մի՛ վերցրու իմ կյանքի օրերի կեսին. քո տարիները սերնդից մինչև սերունդ են։ Սկզբից երկրի հիմքերը հաստատեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։ Նրանք պիտի կորչեն, բայց դու պիտի մնաս, նրանք բոլորը շորի պես պիտի մաշվեն, հագուստի պես պիտի փոխես նրանց, և նրանք պիտի փոխվեն։ Բայց դու նույնն ես, և քո տարիները չեն վերջանալու։ Քո ծառաների որդիները պիտի ապրեն, և նրանց սերունդը պիտի հաստատ մնա քո առջև»։