ՍԱՂՄՈՍՆԵՐ 102:1-28

ՍԱՂՄՈՍՆԵՐ 102:1-28 ՆՎԱԱ

Ո՜վ Տեր, լսի՛ր իմ աղոթքը, և իմ աղաղակը թող հասնի քեզ։ Երեսդ ինձնից մի՛ թաքցրու իմ նեղության օրը. խոնարհի՛ր ականջդ դեպի ինձ. այն օրը, երբ կանչեմ, շուտով պատասխա՛ն տուր ինձ։ Որովհետև իմ օրերը ծխի պես վերջացան, և իմ ոսկորներն այրվեցին չոր խռիվի պես։ Սիրտս կոտրվեց և ցամաքեց խոտի նման, այնպես որ հաց ուտելս էլ մոռացա։ Հառաչանքիս ձայնից ոսկորս կպավ մարմնիս։ Ես նմանվեցի անապատի հավալուսնի, ավերակների բուի պես եղա։ Անքուն մնացի և կտուրի վրա մեն-մենակ ծտի նման եղա։ Ամեն օր իմ թշնամիները նախատում են ինձ, և ինձ վրա կատաղածները երդվում են իմ դեմ։ Որովհետև հացի պես մոխիր եմ ուտում և խմելիքս խառնում եմ արտասուքիս հետ Քո բարկության և ցասումի պատճառով, որովհետև դու բարձրացրիր ինձ վեր և դեն գցեցիր։ Իմ օրերը երկարած ստվերի պես են, և ես չորացա խոտի պես։ Բայց դու, Տե՛ր, հավիտյան կաս, և քո հիշատակը՝ սերնդից մինչև սերունդ։ Դու պիտի վեր կենաս, պիտի ողորմես Սիոնին, որովհետև ժամանակն է նրան ողորմելու, որովհետև հասել է որոշված ժամանակը։ Որովհետև քո ծառաները հավանեցին նրա քարերը և գթացին նրա փոշուն։ Եվ հեթանոսները պիտի վախենան Տիրոջ անունից, և երկրի բոլոր թագավորները՝ քո փառքից։ Քանզի Տերը պիտի շինի Սիոնը և իր փառքով պիտի երևա։ Նա ուշադրություն է դարձնում խեղճերի աղոթքին և չի անարգում նրանց աղոթքը։ Սա պիտի գրվի եկող սերնդի համար, և ստեղծվելիք ժողովուրդը պիտի գոհություն մատուցի Տիրոջը։ Որովհետև նա իր սրբարանի բարձունքից նայում է. Տերը երկնքից նայում է երկրին, Որպեսզի լսի կապվածի հառաչանքը և ազատ արձակի մահվան որդիներին, Որպեսզի Սիոնի մեջ պատմեն Տիրոջ անունը և նրա գովասանքը՝ Երուսաղեմում, Երբ մեկտեղ ժողովվեն ժողովուրդները և թագավորությունները՝ Տիրոջը ծառայելու համար։ Նա ճանապարհիս մեջ թուլացրեց իմ զորությունը և կարճացրեց իմ կյանքի օրերը։ Ես ասացի. «Ո՜վ Աստված իմ, ինձ մի՛ վերցրու իմ կյանքի օրերի կեսին. քո տարիները սերնդից մինչև սերունդ են։ Սկզբից երկրի հիմքերը հաստատեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։ Նրանք պիտի կորչեն, բայց դու պիտի մնաս, նրանք բոլորը շորի պես պիտի մաշվեն, հագուստի պես պիտի փոխես նրանց, և նրանք պիտի փոխվեն։ Բայց դու նույնն ես, և քո տարիները չեն վերջանալու։ Քո ծառաների որդիները պիտի ապրեն, և նրանց սերունդը պիտի հաստատ մնա քո առջև»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում