ԱՌԱԿՆԵՐ 9:1-12

ԱՌԱԿՆԵՐ 9:1-12 ՆՎԱԱ

Իմաստությունը կառուցեց իր տունը, կանգնեցրեց նրա յոթ սյուները, Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաև պատրաստեց իր սեղանը։ Նա ուղարկեց իր աղախիններին՝ քաղաքի բարձր տեղերի գլխին կանչելու. «Ով միամիտ է, թող այստեղ դառնա»։ Եվ պակասամիտին ասում է. «Եկե՛ք, կերե՛ք իմ հացից և խմեցե՛ք իմ խառնած գինուց։ Թողե՛ք միամտությունը, որպեսզի ապրեք. և ըմբռնողության ճանապարհո՛վ քայլեցեք»։ Ծաղր անողին ուղղողն իր համար անարգանք է վաստակում, իսկ անիրավին հանդիմանողը՝ վիրավորանք։ Ծաղր անողին մի՛ հանդիմանիր, որպեսզի քեզ չատի. հանդիմանի՛ր իմաստունին, և նա քեզ կսիրի։ Ուսուցո՛ւմ տուր իմաստունին, և է՛լ ավելի իմաստուն կդառնա. արդար մարդուն սովորեցրո՛ւ, և նա կավելացնի ուսումը։ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, Ամենասուրբի ճանաչողությունը՝ ըմբռնողություն։ Որովհետև քո օրերն ինձանով կշատանան, և քո կյանքի տարիները կավելանան։ Եթե իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն, եթե ծաղր անող ես, միայն դու ես նրա պատիժը կրելու։