ԱՌԱԿՆԵՐ 6:1-19

ԱՌԱԿՆԵՐ 6:1-19 ՆՎԱԱ

Որդյա՛կ իմ, եթե դու երաշխավոր եղար քո ընկերոջ համար կամ ձեռքդ օտարի համար գրավական տվեցիր, Դու քո բերանի խոսքերի որոգայթի մեջ բռնվեցիր, քո բերանի ասածներով՝ ծուղակի մեջ, Ապա այսպե՛ս արա, որդյա՛կս, և ազատի՛ր քեզ, որովհետև քո ընկերոջ ձեռքն ընկար. գնա՛, խոնարհվի՛ր և թախանձի՛ր քո ընկերոջը։ Աչքերիդ քուն մի՛ տուր և նինջ՝ քո կոպերին։ Ազատի՛ր քեզ, ինչպես այծյամը՝ որսորդի ձեռքից, կամ թռչունը՝ թռչնորսի։ Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, նրա ճանապարհները տե՛ս և իմաստո՛ւն եղիր. Նա ղեկավար, զորական կամ կառավարող չունի, Բայց իր հացը պատրաստում է ամռանը, իր ուտելիքը հնձի ժամանակ է հավաքում։ Մինչև ե՞րբ ես պառկելու, ո՛վ ծույլ, քնիցդ ե՞րբ ես զարթնելու։ Մի քիչ քնես, մի քիչ մրափես, մի քիչ էլ ձեռք ձեռքի դրած պառկես, Այն ժամանակ քո աղքատությունը ավազակի պես կգա, և քո կարիքը՝ զինված մարդու պես։ Անպիտան մարդը՝ անօրեն մարդը, չարախոս բերանով է ման գալիս։ Նա աչքերի թարթումով ակնարկում է, ոտքերով նշան է տալիս, մատներով ցույց է տալիս։ Նենգություն կա նրա սրտում. նա միշտ չարություն է նյութում, կռիվներ տարածում։ Հետևաբար հանկարծ կգա նրա դժբախտությունը, նա ակնթարթորեն պիտի կոտրվի և բուժում չպիտի գտնի։ Վեց բան կա, որ Տերն ատում է, և յոթը զզվելի են նրա հոգու առաջ. Ամբարտավան աչքեր, ստախոս լեզու և անմեղ արյուն թափող ձեռքեր. Չար մտադրություններ ունեցող սիրտ, դեպի չարություն վազելու շտապող ոտքեր. Ստեր փչող կեղծ վկա և եղբայրների մեջ կռիվ հրահրող։