ԱՌԱԿՆԵՐ 3:18-35

ԱՌԱԿՆԵՐ 3:18-35 ՆՎԱԱ

Նա իրեն կառչողների համար կենաց ծառ է և իրեն պինդ բռնողին երանելի կդարձնի։ Տերն իմաստությամբ հիմնադրեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։ Նրա գիտությամբ անդունդները պատռվեցին, և ամպերը ցող մաղեցին։ Որդյա՛կ իմ, սրանք մի՛ թող քո աչքի առաջից, պի՛նդ պահիր ողջամտությունն ու խելամտությունը։ Եվ նրանք կյանք կլինեն քո հոգու համար և զարդ՝ քո պարանոցի համար։ Այն ժամանակ ապահով կգնաս քո ճանապարհով, և ոտքդ չի սայթաքի։ Եթե պառկես, չես սարսափի. կպառկես, և քունդ քաղցր կլինի։ Հանկարծահաս վախից չես սարսափի, ոչ էլ անիրավների կործանումից, երբ որ գա։ Որովհետև Տերը կլինի քո վստահությունը, և նա կպահի քո ոտքը, որպեսզի չբռնվի։ Մի՛ զլացիր բարություն անելու նրան, ով արժանի է, եթե ձեռքումդ այդ զորությունը կա։ Քո հարևանին մի՛ ասա. «Գնա՛ ու նորի՛ց արի, և վաղը այն կտամ», երբ քեզ մոտ այն հիմա կա։ Քո հարևանի դեմ չարիք մի՛ նյութիր, երբ նա վստահությամբ քո կողքին է ապրում։ Մարդու հետ զուր տեղը մի՛ վիճիր, եթե նա քեզ չարություն չի արել։ Բռնավոր մարդուն մի՛ նախանձիր և նրա ճանապարհներից ոչ մեկը մի՛ ընտրիր, Որովհետև խարդախ մարդը զզվելի է Տիրոջը, բայց նրա մտերմությունն ուղղամիտների հետ է։ Անիրավի տան վրա Տիրոջ անեծքը կա, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։ Նա ծաղր անողներին իսկապես ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ Իմաստունները փառք պիտի ժառանգեն, իսկ անմիտները պիտի անարգվեն։