ԱՌԱԿՆԵՐ 3:1-35

ԱՌԱԿՆԵՐ 3:1-35 ՆՎԱԱ

Որդյա՛կ իմ, մի՛ մոռացիր իմ ուսուցումը, և քո սիրտը թող պահի իմ պատվիրանները, Որովհետև նրանք երկար օրեր, կենդանության տարիներ և բարգավաճում կավելացնեն քեզ համար։ Ողորմածությունն ու հավատարմությունը քեզ չեն լքի. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի տախտակի վրա։ Այսպես դու հավանություն և բարի համարում կգտնես Աստծու և մարդկանց առաջ։ Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։ Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի։ Տիրոջը պատվի՛ր քո ունեցվածքից և քո բոլոր բերքերի երախայրիքից։ Այն ժամանակ քո շտեմարաններն առատությամբ կլցվեն, և քո հնձաններից նոր գինին կհորդի։ Որդյա՛կ իմ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը և նրա հանդիմանությունից մի՛ դառնացիր։ Որովհետև Տերը հանդիմանում է, ում որ սիրում է, մի հոր նման, որ սիրում է իր որդուն։ Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել և այն մարդուն, որ հանճար է ստանում։ Որովհետև նրա շահը արծաթի շահից և նրա շահույթը մաքուր ոսկուց լավ է։ Նա գոհարներից պատվական է, և քո ցանկալի բոլոր բաները նրա հետ չեն համեմատվի։ Նրա աջ ձեռքին օրերի երկարություն է, նրա ձախ ձեռքին՝ հարստություն ու փառք։ Նրա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, և նրա բոլոր շավիղները՝ խաղաղություն։ Նա իրեն կառչողների համար կենաց ծառ է և իրեն պինդ բռնողին երանելի կդարձնի։ Տերն իմաստությամբ հիմնադրեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։ Նրա գիտությամբ անդունդները պատռվեցին, և ամպերը ցող մաղեցին։ Որդյա՛կ իմ, սրանք մի՛ թող քո աչքի առաջից, պի՛նդ պահիր ողջամտությունն ու խելամտությունը։ Եվ նրանք կյանք կլինեն քո հոգու համար և զարդ՝ քո պարանոցի համար։ Այն ժամանակ ապահով կգնաս քո ճանապարհով, և ոտքդ չի սայթաքի։ Եթե պառկես, չես սարսափի. կպառկես, և քունդ քաղցր կլինի։ Հանկարծահաս վախից չես սարսափի, ոչ էլ անիրավների կործանումից, երբ որ գա։ Որովհետև Տերը կլինի քո վստահությունը, և նա կպահի քո ոտքը, որպեսզի չբռնվի։ Մի՛ զլացիր բարություն անելու նրան, ով արժանի է, եթե ձեռքումդ այդ զորությունը կա։ Քո հարևանին մի՛ ասա. «Գնա՛ ու նորի՛ց արի, և վաղը այն կտամ», երբ քեզ մոտ այն հիմա կա։ Քո հարևանի դեմ չարիք մի՛ նյութիր, երբ նա վստահությամբ քո կողքին է ապրում։ Մարդու հետ զուր տեղը մի՛ վիճիր, եթե նա քեզ չարություն չի արել։ Բռնավոր մարդուն մի՛ նախանձիր և նրա ճանապարհներից ոչ մեկը մի՛ ընտրիր, Որովհետև խարդախ մարդը զզվելի է Տիրոջը, բայց նրա մտերմությունն ուղղամիտների հետ է։ Անիրավի տան վրա Տիրոջ անեծքը կա, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։ Նա ծաղր անողներին իսկապես ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ Իմաստունները փառք պիտի ժառանգեն, իսկ անմիտները պիտի անարգվեն։

ԱՌԱԿՆԵՐ 3:1-35 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր