ԱՌԱԿՆԵՐ 25:15-28

ԱՌԱԿՆԵՐ 25:15-28 ՆՎԱԱ

Համբերատարությամբ իշխանը կհամոզվի, և քաղցր լեզուն ոսկոր կկոտրի։ Եթե մեղր գտնես, կե՛ր քեզ բավարարելու չափ. չլինի թե նրանից հագենաս և փսխես այն։ Հարևանիդ տուն հաճախ մի՛ գնա՛. գուցե քեզանից կշտանա և ատի քեզ։ Լախտ, թուր ու սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայություն է տալիս իր հարևանի դեմ։ Նեղության օրը անհավատարիմ մարդուն ապավինելը կոտրած ատամի և դյուրասահ ոտքի ապավինելու պես է։ Տխուր մարդու առաջ երգեր երգելը ցուրտ օրը զգեստ հանելու կամ բորակի վրա քացախ լցնելու պես է։ Եթե թշնամիդ սոված է, ուտելու հացդ տո՛ւր նրան, և եթե ծարավ է, խմելու ջո՛ւր տուր նրան, Որովհետև այդպիսով նրա գլխի վրա կրակի կայծեր կդիզես, և Տերը կհատուցի քեզ։ Հյուսիսային քամին անձրև է բերում, բամբասող լեզուն՝ խոժոռ դեմք։ Ավելի լավ է բնակվել կտուրի մի անկյունում, քան թե կռվասեր կնոջ հետ մի տան մեջ։ Հեռու երկրից եկած բարի լուրը սառը ջուր է ծարաված հոգու համար։ Անիրավի առաջ տատանվող արդարը պղտորված աղբյուրի և ապականված ջրհորի նման է։ Շատ մեղր ուտելը լավ չէ, իր պատիվը որոնելը պատվաբեր չէ։ Այն մարդը, որ չի զսպում իր հոգին, քանդված և անպարիսպ քաղաքի նման է։