ԱՌԱԿՆԵՐ 22:1-16

ԱՌԱԿՆԵՐ 22:1-16 ՆՎԱԱ

Բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքն արծաթից ու ոսկուց ավելի լավ է։ Հարուստն ու աղքատը ընդհանուր բան ունեն. Տերն է նրանց բոլորի ստեղծողը։ Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, բայց միամիտներն անտեսում են ու տուժում։ Խոնարհության և Տիրոջ երկյուղի վարձատրությունն են հարստությունը, պատիվն ու կյանքը։ Փշեր, որոգայթներ կան նենգ մարդու ճանապարհին. իր հոգին կպահպանի նա, ով նրանցից հեռանա։ Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։ Հարուստը տիրում է աղքատներին, և փոխ առնողը ստրուկ է լինում փոխ տվողին։ Անարդարություն ցանողը դժբախտություն կհնձի, և նրա բարկության գավազանը կկորչի։ Բարյացակամ աչք ունեցողն օրհնված կլինի, որովհետև իր հացից տալիս է աղքատին։ Դո՛ւրս արա ծաղրողին, ու կռիվը դուրս կգնա, և վեճն ու անարգանքը կդադարեն։ Սրտի մաքրություն սիրողին, որի խոսքերը շնորհալի են, թագավորը բարեկամ է։ Տիրոջ աչքերը պահում են գիտությունը, և նա ավերում է անհավատարիմի խոսքերը։ Ծույլն ասում է. «Դրսում առյուծ կա. հրապարակում ինձ կսպանեն»։ Շնացող կանանց բերանը խոր փոս է. ում վրա որ բարկացած է Տերը, նա այնտեղ կընկնի։ Հիմարությունը կապված է երեխայի սրտին, բայց խրատի գավազանը այն կհեռացնի նրանից։ Ով որ զրկում է աղքատին՝ իր հարստությունը շատացնելու համար, և ով որ հարուստին է տալիս, միայն կարիքավոր կլինի։