ԱՌԱԿՆԵՐ 16:1-33

ԱՌԱԿՆԵՐ 16:1-33 ՆՎԱԱ

Մարդունն են մտքի ծրագրերը, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը։ Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքին, բայց Տերն է հոգիները կշռողը։ Քո գործերը Տիրո՛ջը հանձնիր, և քո մտադրությունները կհաստատվեն։ Տերն ամեն բան արել է իր նպատակի համար, նույնիսկ անիրավներին էլ՝ չար օրվա համար։ Տիրոջ համար զզվելի են բոլոր գոռոզամիտները. նրանք անշուշտ անպատիժ չեն լինելու։ Անօրենությունը ողորմածությամբ և հավատարմությամբ կքավվի, և Տիրոջ երկյուղով մարդը կհեռանա չարից։ Երբ Տիրոջը հաճելի են մարդու ճանապարհները, մինչև իսկ նրա թշնամիներին կհաշտեցնի նրա հետ։ Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ։ Մարդու միտքն է խորհում նրա ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է ուղղորդում։ Թագավորի շրթունքների վրա ներշնչում կա. նրա բերանը դատաստանի ժամանակ չի սխալվի։ Տիրոջն են ուղիղ նժարն ու կշեռքը, մախաղի բոլոր կշռաքարերը նրա գործն են։ Թագավորներին զզվելի է անիրավությունը, որովհետև գահն արդարությամբ է հաստատվում։ Թագավորներին հաճելի են արդար շրթունքները, և նրանք սիրում են ուղղախոս մարդուն։ Թագավորի բարկությունը մահվան պատգամաբեր է, բայց իմաստուն մարդը մեղմացնում է այն։ Թագավորի դեմքի զվարթությունը կյանք է, իսկ նրա բարեհաճությունը՝ գարնանային անձրևի ամպի նման։ Իմաստություն ստանալը ոսկուց որչա՜փ լավ է, և ըմբռնում շահելն արծաթից ընտիր է։ Ուղղամիտների պողոտան չարությունից հեռանալն է, իր ճանապարհը պահպանողն իր հոգին է պահում։ Կործանման առաջից գոռոզությունն է գնում, իսկ սայթաքման առաջից՝ ամբարտավան հոգին։ Ավելի լավ է հեզ հոգի ունեցողների հետ խոնարհ լինել, քան թե ավար բաժանել հպարտների հետ։ Ով որ խոսքին ուշադիր է, բարիք կգտնի, և երանի՜ նրան, որ Տիրոջն է ապավինում։ Իմաստուն սիրտ ունեցողը ողջամիտ է կոչվում, իսկ շրթունքների քաղցրությունն ավելացնում է հմտությունը։ Ուշիմությունը կյանքի աղբյուր է իրեն ունեցողի համար, բայց հիմարների խրատը հիմարությունն է։ Իմաստունի միտքն ուշիմ է դարձնում նրա բերանը և նրա շրթունքներին հմտություն ավելացնում։ Վայելուչ խոսքը մեղրախորիսխ է, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին։ Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդուն, բայց նրա վախճանը մահվան ճանապարհ է։ Աշխատող անձն իր համար է աշխատում, որովհետև իր բերանը նրան դրդում է։ Անպիտան մարդը չարություն է նյութում, և նրա շրթունքների վրա կարծես խանձող կրակ կա։ Նենգ մարդը կռիվ է հրահրում, իսկ քսուն բաժանում է մտերիմներին։ Բռնավոր մարդը հրապուրում է իր հարևանին և նրան տանում վատ ճանապարհով։ Թարթում է աչքերը, որպեսզի նենգ բաներ մտածի, կծոտելով իր շրթունքները՝ չարություն է կատարում։ Սպիտակ մազերը շքեղության պսակ են. արդարության ճանապարհի մեջ են նրանք գտնվում։ Համբերատարը զորավորից լավ է, և իր հոգին կառավարողը՝ քաղաք գրավողից։ Վիճակը ծոցն է գցվում, բայց ամեն մի վճիռ Տիրոջից է գալիս։