ԱՌԱԿՆԵՐ 15:20-33

ԱՌԱԿՆԵՐ 15:20-33 ՆՎԱԱ

Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, բայց անմիտ մարդն անարգում է իր մորը։ Հիմարությունը պակասամիտի համար ուրախություն է, բայց խոհեմ մարդն ուղղում է իր ընթացքը։ Առանց խորհրդակցության մտադրությունները ձախողվում են, բայց խորհրդականների շատությամբ կատարվում են։ Մարդու համար իր բերանին հարմար պատասխանն ուրախություն է. ի՜նչ լավ է ժամանակին ասված խոսքը։ Ուշիմ մարդու համար կյանքի ուղին դեպի վեր է տանում, որպեսզի ներքևում խույս տա դժոխքից։ Տերը քանդում է ամբարտավանների տունը, բայց որբևայրու սահմանաքարը հաստատում է։ Տիրոջը զզվելի են չար մարդու մտադրությունները, բայց հաճելի են անբասիր մարդկանց խոսքերը։ Ագահորեն վաստակողը դժբախտացնում է իր տունը, իսկ կաշառքներ ատողը կապրի։ Արդարի միտքը մտածում է, թե ինչ պատասխանի, բայց անիրավի բերանը չարություններ է արտաբերում։ Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը։ Աչքերի պայծառությունն ուրախացնում է սիրտը, բարի լուրը պարարտացնում է ոսկորները։ Կենսատու հանդիմանությանը անսացող ականջը իմաստունների մեջ է բնակվում։ Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց հանդիմանություն լսողը խելք է ստանում։ Տիրոջ երկյուղն իմաստություն է սովորեցնում, և փառքի առջևից խոնարհությունն է գնում։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում