ԱՌԱԿՆԵՐ 12:8-28

ԱՌԱԿՆԵՐ 12:8-28 ՆՎԱԱ

Մարդը իր ուշիմության չափով կգովաբանվի, բայց ծուռ սիրտ ունեցողը կանարգվի։ Լավ է աննշան լինել, բայց ծառա ունենալ, քան թե ինքն իրեն պատվել ու հացի կարոտ լինել։ Արդարը գիտի իր անասունի կարիքը, բայց անիրավների ողորմածությունը դաժանություն է։ Իր հողը մշակողը հացով կկշտանա, բայց դատարկ բաների ետևից վազողը պակասամիտ է։ Անիրավը չարերի ավարն է փափագում, բայց արդարների արմատը պտուղ կտա։ Չարն իր շրթունքների զանցանքով որոգայթն է ընկնում, բայց արդարը դուրս է գալիս տագնապից։ Իր բերանի պտղից մարդ բարիքներով կկշտանա, և մարդու ձեռքի գործի հատուցումը կվերադառնա իրեն։ Հիմարի աչքին իր ճանապարհն ուղիղ է, բայց խորհրդին անսացողն իմաստուն է։ Հիմարի բարկությունը նույն օրը կիմացվի, բայց խորագետն անարգանքը ծածկում է։ Ճշմարտություն խոսողը արդարությունն է հայտնում, իսկ սուտ վկան՝ խաբեությունը։ Շատախոս կա, որ սրի պես խոցոտում է, բայց իմաստունների լեզուն բժշկություն է։ Ճշմարտախոս շրթունքները մշտապես հաստատված կմնան, բայց ստախոս լեզուն վայրկենական է։ Չարություն նյութողների սրտերում խաբեություն կա, իսկ խաղաղություն ծրագրողների մեջ՝ ուրախություն։ Արդարին ոչ մի պատուհաս չի հանդիպի, բայց անիրավները լեցուն են չարիքներով։ Ստախոս շրթունքները Տիրոջ համար զզվելի են, իսկ հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան։ Խորագետ մարդը գիտությունը ծածկող է, իսկ անմիտների սիրտը իր հիմարությունը հրապարակում է։ Աշխատասերների ձեռքը կկառավարի, իսկ ծույլը սևագործ ճորտ կլինի։ Մարդու սրտի տագնապը ճնշում է նրան, իսկ բարի խոսքն ուրախացնում է նրան։ Արդարը ճանապարհ է ցույց տալիս իր ընկերոջը, իսկ անիրավների ճանապարհը կմոլորեցնի նրանց։ Ծույլն իր որսը չի խորովում, բայց աշխատասեր մարդը մեծարժեք ստացվածք կունենա։ Արդարության ճանապարհի մեջ կյանք կա, և նրա շավիղների մեջ մահ չկա։