Փիլիպպեցիներին 4:1-23

Փիլիպպեցիներին 4:1-23 ՆՎԱԱ

Ուրեմն, իմ սիրելի՛ և բաղձալի՛ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու իմ պսակն եք, այսպես Տիրոջով հաստատո՛ւն մնացեք, սիրելինե՛ր։ Աղաչում եմ Եվոդիային, աղաչում եմ Սյունտիքիին, որ հաշտվեն Տիրոջով։ Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ջանացին ինձ հետ Կղեմեսի և իմ ուրիշ գործակիցների հետ ավետարանելու մեջ, որոնց անունները կյանքի գրքում են։ Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք։ Ձեր հեզությունը թող բոլոր մարդկանց հայտնի լինի. Տերը մոտ է։ Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։ Հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, ա՛յն արեք, և խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Ես Տիրոջով մեծապես ուրախացա, որ դուք էլ արդեն խորհեցիք իմ մասին հոգալ, ինչպես որ հոգում էիք, բայց հարմար առիթ չէիք գտնում։ Կարիքի մեջ լինելուս համար չեմ ասում, որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ. գիտեմ կարիքի մեջ ապրելն էլ, առատության մեջ լինելն էլ. ամեն բանում ամեն ինչի տեղյակ եմ՝ թե՛ կշտանալուն, թե՛ քաղցելուն, թե՛ առատությանը, թե՛ կարիքին։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Սակայն լավ արեցիք, որ իմ նեղության մեջ ինձ հաղորդակից եղաք։ Դուք ինքներդ էլ, փիլիպպեցինե՛ր, գիտեք, որ Ավետարանի քարոզության սկզբում, երբ Մակեդոնիայից ելա, ոչ մի եկեղեցի մասնակից չեղավ ինձ հետ՝ տալու և ստանալու մեջ, բացի ձեզանից, որովհետև Թեսաղոնիկեում էլ մեկ-երկու անգամ ինձ պետք եղած բաներն ուղարկեցիք։ Նվերներ չեմ ուզում, այլ այն պտուղը, որ ձեր հաշվին է ավելանալու։ Իսկ ես ամեն բան ստացել եմ և առատ ունեմ. լիացած եմ, որովհետև Եպափրոդիտոսի ձեռքով ստացա ձեզանից այն, ինչ անուշահոտություն էր, զոհ՝ ընդունելի և Աստծուն հաճելի։ Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։ Աստծուն՝ մեր Հորը, փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Ողջունե՛ք Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին։ Ձեզ ողջունում են ինձ հետ եղող եղբայրները։ Ձեզ ողջունում են բոլոր սրբերը, մանավանդ նրանք, ովքեր կայսեր ծառայության մեջ են։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամեն։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում