Փիլիպպեցիներին 3:8-14

Փիլիպպեցիներին 3:8-14 ՆՎԱԱ

Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ և նրա մեջ գտնվեմ ու ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատից է, այն արդարությունը, որ Աստծուց է հավատով, որպեսզի ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքին, կերպարանակից՝ նրա մահվանը, որպեսզի մեռելներից հարություն առնելուն հասնեմ։ Ոչ թե արդեն հասել եմ կամ թե արդեն կատարյալ եմ, այլ ձգտում եմ, որ թերևս հասնեմ նրան, ինչով Քրիստոս Հիսուսի կողմից բռնվեցի։ Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին։