Փիլիպպեցիներին 3:1-21

Փիլիպպեցիներին 3:1-21 ՆՎԱԱ

Այսուհետև, իմ եղբայրնե՛ր, Տիրոջով ուրա՛խ եղեք։ Միևնույն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրույթ չէ, բայց ձեզ համար ապահովություն է։ Զգուշացե՛ք շներից, զգուշացե՛ք չար մշակներից, զգուշացե՛ք թլփատությունից, որովհետև թլփատությունը մենք ենք, որ հոգով պաշտում ենք Աստծուն և պարծենում ենք Հիսուս Քրիստոսով ու մարմնի վրա վստահություն չունենք։ Թեև ես մարմնի վրա նույնպես վստահություն ունեմ. եթե մեկ ուրիշը կարծի, թե կարող է մարմնին վստահել, ես՝ առավել ևս։ Լինելով ութերորդ օրը թլփատված, Իսրայելի ազգից, Բենիամինի ցեղից, եբրայեցի ծնողներից եբրայեցի, ըստ օրենքի փարիսեցի՝ նախանձախնդրությամբ հալածում էի եկեղեցին. ինչ վերաբերում է արդարությանը, որ բխում է օրենքից, անարատ էի։ Բայց այն, ինչ ինձ օգուտ էր, Քրիստոսի համար վնաս համարեցի։ Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ և նրա մեջ գտնվեմ ու ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատից է, այն արդարությունը, որ Աստծուց է հավատով, որպեսզի ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքին, կերպարանակից՝ նրա մահվանը, որպեսզի մեռելներից հարություն առնելուն հասնեմ։ Ոչ թե արդեն հասել եմ կամ թե արդեն կատարյալ եմ, այլ ձգտում եմ, որ թերևս հասնեմ նրան, ինչով Քրիստոս Հիսուսի կողմից բռնվեցի։ Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ Հետևում եմ նպատակակետին՝ Հիսուս Քրիստոսով դեպի վեր՝ երկինք՝ Աստծու կողմից կոչվելու մրցանակին։ Արդ ովքեր կատարյալ են, թող նույնը մտածեն, և եթե մի բան ուրիշ կերպ մտածեն, Աստված դրա մասին էլ կհայտնի։ Միայն թե ինչի որ հասանք, նույն կանոնով ապրենք։ Ի՛նձ նմանվեք, եղբայրնե՛ր, և նայե՛ք նրանց, ովքեր մեր իսկ օրինակով են ընթանում։ Որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամներ ասում էի ձեզ և հիմա էլ լալով եմ ասում, ընթանում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։ Նրանց վախճանը կորուստ է։ Նրանց Աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք երկրային բաներն են մտածում։ Բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, որը մեր խոնարհ մարմինը պիտի նորոգի և իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է իրեն։