Փիլիպպեցիներին 1:12-30

Փիլիպպեցիներին 1:12-30 ՆՎԱԱ

Եղբայրնե՛ր, ուզում եմ իմանաք, որ այն, ինչ ինձ պատահեց, ավելի նպաստեց Ավետարանի տարածման առաջընթացին, այն աստիճան, որ Քրիստոսով իմ կապանքները հայտնի դարձան ամբողջ պալատին և մյուս բոլորին։ Եվ եղբայրներից շատերը իմ կապանքներից ավելի քաջալերվեցին և համարձակվեցին Աստծու խոսքն առանց վախի խոսելու։ Ոմանք նախանձի ու հակառակության պատճառով, ոմանք էլ հոժարությամբ են քարոզում Քրիստոսին։ Սրանք սիրուց մղվելով են քարոզում՝ գիտենալով, որ Ավետարանի պաշտպանության համար եմ այստեղ մնում։ Իսկ ոմանք հակառակությունից մղված են Քրիստոսին քարոզում և ոչ թե անկեղծորեն՝ կարծելով, թե իմ կապանքների վրա նեղություն կավելացնեն։ Բայց ի՞նչ նշանակություն ունի. ինչպես էլ որ լինի՝ պատրվակով թե ճշմարտապես, Քրիստոսն է քարոզվում, ու սրա համար ուրախ եմ և ուրախ էլ կլինեմ, որովհետև գիտեմ, որ դա տանում է դեպի փրկություն՝ ձեր աղոթքների միջոցով ու Հիսուս Քրիստոսի Հոգու օգնությամբ։ Համաձայն իմ ակնկալության և հույսի՝ ոչնչով ամոթով չեմ մնա, այլ ամենայն համարձակությամբ, ինչպես միշտ, հիմա էլ Քրիստոսն իմ մարմնի մեջ կմեծարվի՝ իմ ապրելով թե իմ մեռնելով։ Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ։ Բայց եթե մարմնավոր կյանքն իմ գործը պտղաբեր է դարձնում, ապա չգիտեմ, թե ո՛րն ընտրեմ։ Երկուսն էլ ինձ ձգում են. հեռանալ այս կյանքից և Քրիստոսի հետ լինել, որ շատ ավելի լավ է. բայց մարմնի մեջ իմ մնալը ձեզ ավելի է հարկավոր։ Եվ սրանում հաստատ համոզված գիտեմ, որ կապրեմ ու կմնամ ձեզ բոլորիդ հետ, որ դուք զարգանաք և ուրախ լինեք հավատով, որպեսզի ձեր պարծանքը Քրիստոս Հիսուսով ավելանա իմ միջոցով՝ ձեզ մոտ իմ կրկին գալով։ Միայն թե Քրիստոսի Ավետարանին վայել կերպո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ, թե հեռու լինեմ, ձեր մասին լսեմ, որ հաստատուն եք մեկ հոգով ու մեկ շնչով պատերազմում եք Ավետարանի հավատի համար։ Եվ հակառակորդներից ոչնչով մի՛ վախեցեք. դա նրանց համար կորստյան նշան է, իսկ ձեզ համար՝ փրկության։ Եվ ձեզ Աստծուց դա շնորհ տրվեց ոչ միայն Քրիստոսին հավատալու համար, այլ նաև որպեսզի չարչարվեք նրա համար՝ նույն պատերազմը մղելով, որ ինձնով տեսաք ու այժմ ինձնից լսում եք։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում