Փիլիմոնին 1:8-22

Փիլիմոնին 1:8-22 ՆՎԱԱ

Դրա համար, թեև Քրիստոսով համարձակվում եմ քեզ հրամայել այն, ինչ պետք է անես, սակայն հանուն սիրո առավել խնդրում եմ՝ լինելով այնպիսին, ինչպիսին եմ ես՝ ծերունի Պողոսս, և հիմա էլ Հիսուս Քրիստոսի համար շղթայվածս։ Խնդրում եմ քեզ իմ զավակի՝ Օնեսիմոսի համար, որին ծնեցի իմ շղթաների մեջ. նա, որ մի ժամանակ քեզ համար անպիտան էր, այժմ պիտանի է և՛ քեզ, և՛ ինձ. նրան հետ եմ ուղարկում քեզ մոտ։ Իսկ դու նրան, որ նույն իմ սիրտն է, ընդունի՛ր։ Ես կամենում էի նրան ինձ մոտ պահել քո փոխարեն ինձ սպասավորելու բանտում Ավետարանը քարոզելու համար։ Բայց առանց քո հավանության չուզեցի ոչինչ անել, որպեսզի այն բարիքը, որ անելու ես, պարտադրված չլինի, այլ կամովին։ Թերևս հենց դրա համար ժամանակավոր քեզանից հեռացավ, որպեսզի նրան մշտապես ունենաս այլևս ոչ իբրև ստրուկի, այլ ստրուկից առավել՝ իբրև սիրելի եղբոր, հատկապես ինձ համար, քեզ համար ևս որպես մարդ և որպես եղբայր Տիրոջով։ Արդ, եթե ինձ քո ընկերն ես համարում, ընդունի՛ր նրան, ինչպես ինձ։ Եվ եթե անիրավել է քո դեմ կամ պարտք է, ի՛նձ պարտագրիր։ Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. «Ես եմ վճարելու»՝ չասելու համար, թե դու ինձ անձով ես պարտական։ Այո՛, եղբա՛յր, հանուն Տիրոջ թող ես էլ քեզնից մի բան առնեմ. սփոփի՛ր սիրտս Տիրոջով։ Հնազանդությանդ վստահելով եմ այս գրում քեզ, որովհետև գիտեմ, որ ասածիցս ավելին կանես։ Միաժամանակ պատրաստվի՛ր ինձ հյուրընկալելու, որովհետև հույս ունեմ, որ ձեր աղոթքներով Աստված ինձ ձեզ կշնորհի։