Փիլիմոնին 1
1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի շղթայակիրը, և Տիմոթեոս եղբայրը՝ սիրելի Փիլիմոնին՝ մեր գործակցին, 2քույր Ապփիային, Արքիպպոսին՝ մեր զինակցին, և քո տանը հավաքվող եկեղեցուն. 3շնորհ ձեզ ու խաղաղություն մեր Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։
Գոհություն և աղոթք
4Միշտ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն՝ աղոթքներիս մեջ քեզ հիշելով, 5լսելով քո սիրո ու հավատի մասին, որ ունես Տեր Հիսուսի և բոլոր սրբերի հանդեպ։ 6Թող քո հաղորդակցությունը հավատին գործուն լինի բոլոր բարիքների ճանաչման մեջ, որ ձեր մեջ են Հիսուս Քրիստոսով։ 7Որովհետև մեծ ուրախություն և մխիթարություն ստացանք քո սիրուց, եղբա՛յր. սրբերի սրտերը քեզանով հանգստացել են։
Պողոսի խնդրանքը
8Դրա համար, թեև Քրիստոսով համարձակվում եմ քեզ հրամայել այն, ինչ պետք է անես, 9սակայն հանուն սիրո առավել խնդրում եմ՝ լինելով այնպիսին, ինչպիսին եմ ես՝ ծերունի Պողոսս, և հիմա էլ Հիսուս Քրիստոսի համար շղթայվածս։ 10Խնդրում եմ քեզ իմ զավակի՝ Օնեսիմոսի համար, որին ծնեցի իմ շղթաների մեջ. 11նա, որ մի ժամանակ քեզ համար անպիտան էր, այժմ պիտանի է և՛ քեզ, և՛ ինձ. 12նրան հետ եմ ուղարկում քեզ մոտ։ Իսկ դու նրան, որ նույն իմ սիրտն է, ընդունի՛ր։ 13Ես կամենում էի նրան ինձ մոտ պահել քո փոխարեն ինձ սպասավորելու բանտում Ավետարանը քարոզելու համար։ 14Բայց առանց քո հավանության չուզեցի ոչինչ անել, որպեսզի այն բարիքը, որ անելու ես, պարտադրված չլինի, այլ կամովին։ 15Թերևս հենց դրա համար ժամանակավոր քեզանից հեռացավ, որպեսզի նրան մշտապես ունենաս 16այլևս ոչ իբրև ստրուկի, այլ ստրուկից առավել՝ իբրև սիրելի եղբոր, հատկապես ինձ համար, քեզ համար ևս որպես մարդ և որպես եղբայր Տիրոջով։
17Արդ, եթե ինձ քո ընկերն ես համարում, ընդունի՛ր նրան, ինչպես ինձ։ 18Եվ եթե անիրավել է քո դեմ կամ պարտք է, ի՛նձ պարտագրիր։ 19Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. «Ես եմ վճարելու»՝ չասելու համար, թե դու ինձ անձով ես պարտական։ 20Այո՛, եղբա՛յր, հանուն Տիրոջ թող ես էլ քեզնից մի բան առնեմ. սփոփի՛ր սիրտս Տիրոջով։
21Հնազանդությանդ վստահելով եմ այս գրում քեզ, որովհետև գիտեմ, որ ասածիցս ավելին կանես։
22Միաժամանակ պատրաստվի՛ր ինձ հյուրընկալելու, որովհետև հույս ունեմ, որ ձեր աղոթքներով Աստված ինձ ձեզ կշնորհի։
23Քեզ ողջունում են Եպափրասը՝ հանուն Քրիստոս Հիսուսի իմ բանտակիցը, 24իմ գործակիցներ Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը, Ղուկասը։ 25Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամեն։
Արդեն Ընտրված.
Փիլիմոնին 1: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018