Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մի տղամարդ կամ մի կին ուխտ է անում՝ իր անձը Տիրոջը նվիրելու որպես ուխտավոր, նա պիտի հրաժարվի գինուց և օղուց, գինու քացախ չպիտի խմի և խաղողի օշարակ բնավ չպիտի խմի և խաղող կամ չամիչ չպիտի ուտի։ Իր ուխտի բոլոր օրերին որթատունկից ստացվող ոչ մի բան չպետք է ուտի՝ խաղողի կորիզներից մինչև դրա կեղևը։ Իր ուխտի բոլոր օրերին նրա գլխին ածելի չպետք է դիպչի. մինչև իր անձը Տիրոջը նվիրելու օրերի վերջանալը նա սուրբ պետք է լինի, պետք է թողնի, որ աճեն իր գլխի մազերը։ Իր անձը Տիրոջը նվիրած բոլոր օրերին նա մեռած մարմնի չպետք է մոտենա. նա իրեն չպետք է պղծի նույնիսկ իր հոր կամ մոր, իր եղբոր կամ իր քրոջ մեռած ժամանակ նրանց դիակին մոտենալով, որովհետև իր Աստծու ուխտը իր գլխի վրա է։ Իր ուխտի բոլոր օրերին նա սուրբ է Տիրոջ համար։ Իսկ եթե որևէ մեկը հանկարծ մեռնի իր մոտ, և պղծվի իր ուխտ արած գլուխը, նա իր մաքրվելու օրը թող ածիլի գլուխը. յոթերորդ օրը ածիլի այն։ Ութերորդ օրը նա քահանայի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ պիտի բերի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ։ Քահանան մեկը պիտի մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ, քավություն տա նրան մեռելի պատճառով եղած մեղքի համար և նույն օրը սրբացնի նրա գլուխը։ Նա իր ուխտի օրերը նորից կնվիրի Տիրոջը և մեկ տարեկան մի գառ կբերի որպես հանցանքի զոհ։ Նախորդ օրերը հաշվի չպիտի առնվեն, որովհետև նրա ուխտը պղծվել է։
Այս է ուխտավորի օրենքը. այն օրը, երբ լրանան նրա ուխտի օրերը, նրան թող բերեն ժողովի վրանի մուտքի մոտ։ Նա Տիրոջը կմատուցի իր զոհը. մեկ տարեկան անարատ արու մի գառ ողջակեզի համար, մեկ տարեկան անարատ մի էգ գառ մեղքի զոհի համար և անարատ մի խոյ խաղաղության զոհի համար, մի զամբյուղ ընտիր ալյուրից յուղով հունցված բաղարջ շոթեր, յուղով օծված բաղարջ բլիթներ, դրանց հետ նաև հացի ընծան ու թափելու նվերը։ Քահանան դրանք կմատուցի Տիրոջ առաջ և կկատարի նրա մեղքի զոհն ու նրա ողջակեզը։ Եվ խոյը բաղարջ հացի զամբյուղի հետ կմատուցի Տիրոջ առաջ որպես խաղաղության զոհ, և քահանան կմատուցի հացի նվերն ու թափելու նվերը։ Ուխտավորն իր ուխտ արած գլուխը թող ածիլի ժողովի վրանի մուտքի մոտ և առնի իր ուխտ արած գլխի մազերն ու դնի խաղաղության զոհի տակ գտնվող կրակի մեջ։ Նրա ուխտի մազերն ածիլելուց հետո քահանան կվերցնի խոյի եփված թևը, իսկ զամբյուղից՝ մի բաղարջ շոթ, մի բաղարջ բլիթ ու կդնի ուխտավորի ձեռքերի վրա։ Քահանան դրանք որպես երերացնելու ընծա կմատուցի Տիրոջ առաջ։ Երերացնելով մատուցվող կուրծքը և վերընծայումով մատուցվող ազդրը քահանայի համար սուրբ են։ Դրանից հետո ուխտյալը կարող է գինի խմել։ Այս է ուխտավորի օրենքը, որն իր նվերը խոստանում է Տիրոջը իր ուխտի համար, բացի նրանից, երբ նա կարող է իր ուխտի համար ավելին անել. նա կկատարի այն՝ համաձայն իր ուխտի օրենքի”»։
Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ և ասա՛. “Այսպե՛ս օրհնեք Իսրայելի որդիներին՝ ասելով նրանց. "Տերը օրհնի քեզ ու պահպանի քեզ։ Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա ու ողորմի քեզ։ Տերը բարեհաճ լինի քո հանդեպ և խաղաղություն տա քեզ"։ Այսպես նրանք իմ անունը պիտի դնեն Իսրայելի որդիների վրա, և ես կօրհնեմ նրանց”»։