ԹՎԵՐ 32

32
Հորդանան գետի արևելքում գտնվող ցեղերը
(Բ Օր. 3.12-22)
1Ռուբենի որդիներն ու Գադի որդիները չափազանց շատ անասուններ ունեին։ Նրանք տեսան, որ Հազերի երկիրը և Գաղաադի երկիրը հոտերի համար հարմար տեղ էր։ 2Գադի որդիներն ու Ռուբենի որդիները գնացին Մովսեսի, Եղիազար քահանայի և ժողովրդի իշխանների մոտ ու ասացին նրանց. 3«Ադարոդը, Դեբոնը, Հազերը, Նամրան, Եսեբոնը, Եղեաղեն, Սեբաման, Նաբավը և Բեան, 4այսինքն՝ այն երկիրը, որ Տերը հարվածեց Իսրայելի ժողովրդի առաջ, հոտերի համար հարմար երկիր է, իսկ քո ծառաները անասուններ ունեն»։ 5Եվ ասացին. «Եթե մենք քո առաջ շնորհ ենք գտել, այս երկիրը թող տրվի քո ծառաներին իբրև կալվածք։ Մեզ Հորդանան գետից մի՛ անցկացրու»։
6Մովսեսն ասաց Գադի որդիներին և Ռուբենի որդիներին. «Ձեր եղբայրները պատերազմելու գնան, իսկ դուք այստեղ նստե՞ք։ 7Ինչո՞ւ եք ուզում Իսրայելի որդիների սրտերը թուլացնել, որ չանցնեն այն երկիրը, որ Տերը տվել է նրանց։ 8Ձեր հայրերն էլ այդպես արեցին, երբ Կադես Բառնեայից նրանց ուղարկեցի, որպեսզի հետախուզեն երկիրը։ 9Նրանք բարձրացան մինչև Եսքողի ձորը, տեսան երկիրը, Իսրայելի որդիների սրտերը թուլացրին, որպեսզի չմտնեն այդ երկիրը, որ Տերը տվել էր նրանց։ 10Այդ օրը Տիրոջ բարկությունը բորբոքվեց, և նա, երդվելով, ասաց. 11“Եգիպտոսից դուրս ելած քսան տարեկանից բարձր եղող մարդիկ չեն տեսնի այն երկիրը, որ ես երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին, որովհետև ինձ չհետևեցին, 12բացի կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից, որոնք ամբողջովին հետևեցին Տիրոջը”։ 13Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ, և քառասուն տարի նրանց թափառել տվեց անապատում, մինչև որ ամբողջապես ոչնչացավ այն սերունդը, որ չարություն էր արել Տիրոջ աչքի առաջ։ 14Եվ ահա դուք բռնել եք ձեր հայրերի տեղը մեղավոր մարդկանց զավակների պես, որպեսզի կրկին բորբոքեք Տիրոջ սաստիկ բարկությունը Իսրայելի դեմ. 15որովհետև եթե դուք խոտորվեք նրանից, նա դարձյալ կթողնի այս ժողովրդին անապատում, և դուք այս ամբողջ ժողովրդի կորստյան պատճառ կդառնաք»։ 16Նրանք մոտեցան Մովսեսին և ասացին. «Թող մենք այստեղ մեր անասունների համար փարախներ և մեր ընտանիքների համար քաղաքներ շինենք. 17իսկ մենք շտապ կպատրաստվենք ու կգնանք Իսրայելի որդիների առջևից, մինչև որ նրանց տանենք իրենց տեղերը. մեր ընտանիքները թող բնակվեն պարսպապատ քաղաքներում, որպեսզի ապահով լինեն այս երկրի բնակիչներից։ 18Մենք չենք վերադառնա մեր տները, մինչև որ Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը տեր դառնա իր ժառանգությանը։ 19Մենք չենք ուզում Հորդանան գետի այն կողմում և էլ ավելի հեռու տեղերում նրանց հետ ժառանգություն ունենալ, քանի որ մեր ժառանգությունը մեզ է հասել Հորդանան գետի այս կողմում՝ արևելքում»։ 20Մովսեսն ասաց նրանց. «Եթե այս բանն անեք, եթե պատրաստվեք Տիրոջ առաջ պատերազմի համար, 21եթե դուք ամենքդ էլ պատրաստված Հորդանան գետն անցնեք Տիրոջ առաջ, մինչև որ նա իր թշնամիներին քշի իր առջևից, 22և այդ երկիրը Տիրոջ առաջ նվաճվելուց հետո միայն դուք ետ դառնաք, այն ժամանակ անպարտ կլինեք Տիրոջ ու Իսրայելի առաջ, և այդ երկիրը Տիրոջ առաջ ձեր կալվածքը կլինի։ 23Բայց եթե այդպես չանեք, մեղք գործած կլինեք Տիրոջ առջև. իմացե՛ք, որ ձեր մեղքը ձեզ կգտնի։ 24Ձեր ընտանիքների համար քաղաքներ ու ձեր հոտերի համար փարախնե՛ր շինեք և արե՛ք այն, ինչ դուրս է եկել ձեր բերանից»։ 25Գադի որդիները և Ռուբենի որդիները խոսեցին Մովսեսի հետ և ասացին. «Քո ծառաները կանեն այնպես, ինչպես մեր Տերը պատվիրում է։ 26Մեր զավակները, մեր կանայք, մեր հոտերն ու մեր բոլոր անասունները կմնան այստեղ՝ Գաղաադի քաղաքներում։ 27Բայց մենք՝ քո ծառաները, ամենքս զինված պատրաստված գնդով Տիրոջ առջևից կանցնենք պատերազմելու համար, ինչպես որ ասում է մեր տերը»։ 28Մովսեսը հրահանգ տվեց նրանց մասին Եղիազար քահանային, Նավեի որդի Հեսուին, իսրայելացի ցեղերի նահապետությունների իշխաններին։ 29Մովսեսն ասաց նրանց. «Եթե Գադի որդիներն ու Ռուբենի որդիները, բոլորն էլ սպառազինված, Տիրոջ առաջ պատերազմելու համար ձեզ հետ միասին անցնեն Հորդանան գետը, և այդ երկիրը նվաճվի ձեր առաջ, այդ ժամանակ Գաղաադի երկիրը նրանց կտաք իբրև կալվածք։ 30Բայց եթե սպառազինված ձեզ հետ չգնան, ապա նրանք կալվածք կստանան ձեզ հետ Քանանի երկրում»։ 31Գադի որդիներն ու Ռուբենի որդիները պատասխանելով ասացին. «Ինչպես որ Տերը պատվիրել է քո ծառաներին, այնպես էլ կանենք։ 32Մենք սպառազինված՝ Տիրոջ առաջ կանցնենք Քանանի երկիրը, բայց մեր ժառանգելիք կալվածքը Հորդանան գետի այս կողմում կլինի»։ 33Մովսեսը նրանց, այսինքն՝ Գադի որդիներին ու Ռուբենի որդիներին և Հովսեփի որդի Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհոն թագավորի թագավորությունը և Բասանի Օգ թագավորի թագավորությունը, այդ երկիրն իր քաղաքներով, երկրի քաղաքների շուրջը գտնվող սահմաններով։ 34Գադի որդիները կառուցեցին Դեբոնը, Ադարոթը, Արոերը, 35Ատրոթ-Սոփանը, Հազերը, Հոգբեհան, 36Բեթնամրան և Բեթարանը, պարսպապատ քաղաքներ և հոտերի փարախներ։ 37Ռուբենի որդիներն էլ կառուցեցին Եսեբոնը, Եղեաղեն, Կարիաթեմը, 38Նաբավը, Բեելմոնը (որոնց անունները փոխեցին) և Սեբաման։ Եվ իրենց կառուցած քաղաքներին անուններ դրեցին։ 39Մանասեի որդի Մաքիրի որդիները գնացին Գաղաադ, գրավեցին այն և քշեցին նրա մեջ բնակվող ամորհացիներին։ 40Մովսեսը Գաղաադը տվեց Մանասեի որդի Մաքիրին, որը և բնակվեց այնտեղ։ 41Մանասեի որդի Հայիրը գնաց գրավեց նրանց գյուղաքաղաքները և դրանք կոչեց Հավոթ-Հայիր։ 42Նոբահը գնաց և գրավեց Կանաթն ու նրա գյուղերը և այն իր անունով կոչեց Նոբահ։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 32: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք