ԹՎԵՐ 31

31
Սուրբ պատերազմ մադիանացիների դեմ
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Իսրայելի որդիների վրեժը մադիանացիներից կառնես, իսկ հետո կմիանաս քո ժողովրդի նախնիներին»։ 3Մովսեսը խոսեց ժողովրդի հետ և ասաց. «Ձեր միջից մարդկանց զինե՛ք պատերազմելու համար. թող գնան մադիանացիների դեմ, որպեսզի մադիանացիներից Տիրոջ վրեժն առնեն։ 4Իսրայելի բոլոր ցեղերից յուրաքանչյուրից հազար տղամարդ պատերազմի կուղարկեք»։ 5Բազմահազար իսրայելացիների ամեն մի ցեղից ընտրվեց հազար տղամարդ, այսինքն՝ տասներկու հազար հոգի՝ զինված պատերազմելու համար։ 6Մովսեսը պատերազմի ուղարկեց ամեն մի ցեղից հազարական տղամարդ, նրանց հետ նաև Եղիազար քահանայի որդի Փենեհեսին՝ նրա ձեռքին սուրբ անոթներն ու ազդարարության շեփորները։ 7Նրանք պատերազմեցին մադիանացիների դեմ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, և սպանեցին արական սեռի բոլոր մարդկանց։ 8Նրանց սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների հինգ թագավորներին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբեին. նաև Բեորի որդի Բաղաամին սրով սպանեցին։ 9Իսրայելի որդիները գերեվարեցին մադիանացիների կանանց ու երեխաներին և ավար առան նրանց բոլոր անասունները, հոտերն ու ամբողջ ունեցվածքը։ 10Նրանց բոլոր քաղաքներն իրենց բնակարաններով, բոլոր գյուղերը հրկիզեցին։ 11Վերցրին ամբողջ ավարն ու ամբողջ կողոպուտը՝ թե՛ մարդ և թե՛ անասուն։ 12Գերիներին, կողոպուտն ու ավարը բերեցին Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի բոլոր որդիների մոտ՝ բանակատեղի, որը գտնվում է Երիքովի դիմաց՝ Հորդանան գետի մոտ, Մովաբի դաշտերում։
13Մովսեսը, Եղիազար քահանան և ժողովրդի բոլոր իշխանները բանակատեղիից դուրս ելան՝ դիմավորելու նրանց։ 14Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ հազարապետների և հարյուրապետների վրա, որոնք վերադառնում էին պատերազմից։ 15Մովսեսն ասաց նրանց. «Մի՞թե բոլոր կանանց ողջ թողեցիք։ 16Չէ՞ որ նրանք, Բաղաամի խոսքով, պատճառ եղան, որ Իսրայելի որդիները Փոգորի գործում մեղանչեն Տիրոջ դեմ, և այդ հարվածն իջավ Տիրոջ ժողովրդի վրա։ 17Հիմա սպանե՛ք արական սեռի բոլոր երեխաներին, նաև այն բոլոր կանանց, որոնք կենակցել են տղամարդու հետ։ 18Բայց ո՛ղջ թողեք մանկահասակ այն բոլոր աղջիկներին, որոնք տղամարդու հետ չեն կենակցել։ 19Իսկ դուք յոթ օր բանակատեղիից դո՛ւրս մնացեք։ Ով որ մարդ է սպանել, կամ ով որ ձեռք է դիպցրել մեռելի, թող մաքրվի երրորդ և յոթերորդ օրը, թե՛ դուք և թե՛ ձեր գերիները։ 20Մաքրե՛ք նաև ամեն հագուստ, կաշվե ամեն անոթ, այծի մազից շինված ամեն բան և ամեն փայտե աման»։
21Եղիազար քահանան ասաց պատերազմի գնացած զինվորներին. «Այս է այն օրենքի կարգը, որ Տերը պատվիրել է Մովսեսին. 22ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, անագը, կապարը 23և ամեն բան, որ կրակով է անցկացվում, կրակո՛վ անցկացրեք, և այն կլինի մաքուր, սակայն մաքրության ջրով էլ պետք է մաքրվի։ Բայց ինչ որ կրակով չի անցկացվում, պետք է մաքրվի ջրով։ 24Ձեր զգեստները կլվանաք յոթերորդ օրը և կմաքրվեք ու հետո կմտնեք բանակատեղի»։
25Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 26«Դու Եղիազար քահանայի և ժողովրդի տոհմերի իշխանների հետ կվերցնես առնված ավարի գումարը՝ թե՛ մարդու և թե՛ անասունի։ 27Այդ ավարը հավասարապես կբաժանես պատերազմի գնացած ռազմիկների և ամբողջ ժողովրդի միջև։ 28Պատերազմին մասնակցած ռազմիկներից կառնես Տիրոջը հասանելիք բաժինը՝ հինգ հարյուրից մեկը, թե՛ մարդկանցից, թե՛ արջառներից, թե՛ էշերից և թե՛ ոչխարներից։ 29Դրանցից կեսը կառնես և կտաս Եղիազար քահանային իբրև Տիրոջ ընծա։ 30Իսկ Իսրայելի որդիների հասանելիք կես բաժնից հիսունից մեկը՝ թե՛ մարդկանցից, թե՛ արջառներից, թե՛ էշերից, թե՛ ոչխարներից, բոլոր անասուններից կառնես և կտաս Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին»։ 31Մովսեսը և Եղիազար քահանան արեցին այնպես, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։
32Կողոպուտը, այսինքն՝ պատերազմին մասնակցած զորքի ձեռք բերած ավարի գումարն այս էր. վեց հարյուր յոթանասունհինգ հազար ոչխար, 33յոթանասուներկու հազար արջառ, 34վաթսունմեկ հազար էշ 35և երեսուներկու հազար կին, որոնք տղամարդու հետ չէին կենակցել։
36Պատերազմին մասնակցածներին հասած կես բաժինն այս էր. ոչխարների թիվը՝ երեք հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր։ 37Ոչխարներից Տիրոջ տուրքը եղավ վեց հարյուր յոթանասունհինգ, 38արջառները՝ երեսունվեց հազար, իսկ նրանցից Տիրոջ տուրքը՝ յոթանասուներկու, 39էշերը՝ երեսուն հազար հինգ հարյուր, իսկ նրանցից Տիրոջ տուրքը՝ վաթսունմեկ, 40մարդիկ՝ տասնվեց հազար, և նրանցից Տիրոջ տուրքը՝ երեսուներկու հոգի։ 41Մովսեսը Տիրոջը նվիրված տուրքը տվեց Եղիազար քահանային, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։
42Իսրայելի որդիների հասանելիքի կեսը, որ Մովսեսն էր վերցրել պատերազմին մասնակցածների բաժնից, 43ժողովրդին հասած կես բաժինը կազմեց երեք հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր ոչխար, 44երեսունվեց հազար արջառ, 45երեսուն հազար հինգ հարյուր էշ 46և տասնվեց հազար մարդ։ 47Մովսեսը Իսրայելի որդիների հասանելիքի կես բաժնից վերցրեց հիսունից մեկը, թե՛ մարդկանցից և թե՛ անասուններից ու դրանք տվեց Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
48Մովսեսին մոտեցան զորահրամանատարները, այսինքն՝ հազարապետներն ու հարյուրապետները, 49և Մովսեսին ասացին. «Մենք՝ քո ծառաները, հաշվառեցինք մեր ձեռքի տակ գտնվող զինվորներին. մեզանից ոչ մի մարդ չի պակասում։ 50Տիրոջը որպես ընծա մատուցում ենք յուրաքանչյուրս ինչ որ գտանք՝ ոսկե զարդեր, շղթաներ, ապարանջաններ, մատանիներ, օղեր և մանյակներ, որպեսզի Տիրոջ առաջ մեր հոգիների համար քավություն անենք»։ 51Մովսեսն ու Եղիազար քահանան նրանցից վերցրին ոսկով աշխատված բոլոր զարդերը։ 52Հազարապետների և հարյուրապետների կողմից Տիրոջը որպես ընծա մատուցված ամբողջ ոսկին տասնվեց հազար յոթ հարյուր հիսուն սիկղ էր։ 53Պատերազմողներից յուրաքանչյուրն իր համար ավար էր վերցրել։ 54Մովսեսն ու Եղիազար քահանան հազարապետներից և հարյուրապետներից ոսկին առան ու բերեցին ժողովի վրան, իբրև Իսրայելի որդիների հիշատակ Տիրոջ առաջ։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 31: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք