ԹՎԵՐ 30
30
Օրենքներ ուխտերի մասին
1Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների ցեղերի իշխանների հետ՝ ասելով. «Ահա թե ինչ է պատվիրել Տերը. 2“Եթե մի մարդ Տիրոջը ուխտ անի կամ երդումով մի պարտավորություն ստանձնի, ապա նա իր խոսքը չպետք է դրժի. իր բերանից դուրս եկածի պես պիտի անի։
3Եթե մի կին երիտասարդ հասակում իր հոր տանը Տիրոջը ուխտ անի և մի պարտավորություն ստանձնի, 4և եթե նրա հայրը լսի նրա ուխտն ու նրա ստանձնած պարտավորությունը և լռություն պահի նրա մասին, այն ժամանակ կհաստատվեն նրա բոլոր ուխտերը, և նրա ստանձնած բոլոր պարտավորությունները կհաստատվեն։ 5Բայց եթե նրա հայրը իր լսած օրը արգելի նրան, այն ժամանակ նրա բոլոր ուխտերն ու նրա ստանձնած պարտավորություններն անվավեր կլինեն. և Տերը թողություն կտա նրան, քանի որ նրա հայրը արգելեց նրան։
6Եթե նա ամուսնանա, և իր ուխտը կամ իր շուրթերից դուրս եկած ու իրեն պարտավորության տակ դնող այդ անխորհուրդ խոսքն իր վրա լինի, 7և եթե նրա ամուսինն իմանա այդ մասին և իմացած օրը լռի նրա մասին, այն ժամանակ կհաստատվեն նրա ուխտերը, և կհաստատվեն նրա ստանձնած պարտավորությունները։ 8Բայց եթե նրա ամուսինն իր լսած օրն արգելի նրան, ապա նրա արած ուխտը և նրա շուրթերից դուրս եկած անխորհուրդ խոսքը, որով նա պարտավորություն էր ստանձնել, անվավեր կլինեն. և Տերը թողություն կտա այդ կնոջը։
9Բայց որբևայրի կամ արձակված կնոջ ուխտը և նրա ստանձնած որևէ պարտավորություն հաստատ կմնա նրա համար։ 10Իսկ եթե իր ամուսնու տանն է ուխտ արել կամ երդումով պարտավորություն ստանձնել, 11և եթե նրա ամուսինը լսել է այդ մասին, լռել է և նրան չի արգելել, այն ժամանակ կհաստատվեն նրա բոլոր ուխտերը, և կհաստատվեն նրա ստանձնած պարտավորությունները։ 12Բայց եթե նրա ամուսինն իր լսած օրը խափանի դրանք, այն ժամանակ ուխտ անելու և պարտավորություն ստանձնելու մասին նրա բերանից դուրս եկած բոլոր խոսքերն անվավեր կլինեն, քանի որ ամուսինը խափանել է դրանք. և Տերը թողություն կտա նրան։ 13Կնոջ ամեն ուխտ և իր անձը խոնարհեցնելու մասին արված կապող երդումը նրա ամուսինը կարող է հաստատել և նրա ամուսինը կարող է խափանել։ 14Եթե նրա ամուսինը օրեցօր լռել է նրա մասին, այդ ժամանակ նա հաստատած է լինում իր կնոջ բոլոր ուխտերն ու նրա ստանձնած պարտավորությունները։ Նա հաստատած է լինում դրանք, քանի որ իր լսած օրը լռել է նրա մասին։ 15Բայց եթե լսելուց հետո խափանի դրանք, այն ժամանակ ինքը կկրի նրա անօրենությունը”»։
16Սրանք են այն օրենքները, որ Տերը պատվիրեց Մովսեսին ամուսնու և կնոջ միջև, հոր և նրա աղջկա միջև, որը երիտասարդ հասակում իր հոր տանն էր բնակվում։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 30: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018