ԹՎԵՐ 25

25
Իսրայելացիների կռապաշտությունը
1Իսրայելացիները բնակություն հաստատեցին Սատիմում. ժողովուրդն սկսեց մովաբացիների աղջիկների հետ պոռնկություն անել։ 2Նրանք ժողովրդին հրավիրեցին իրենց աստվածների զոհաբերություններին։ Ժողովուրդը կերավ և երկրպագություն արեց նրանց աստվածներին։ 3Իսրայելացիները հարեցին Բահաղ-Փեորին, և Տիրոջ բարկությունը բորբոքվեց իսրայելացիների դեմ։ 4Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ ժողովրդի բոլոր իշխաններին և կախի՛ր նրանց Տիրոջ առջև՝ արեգակի դեմ, որպեսզի Տիրոջ սաստիկ բարկությունը վերանա իսրայելացիների վրայից»։ 5Մովսեսն ասաց իսրայելացիների դատավորներին. «Ամեն մեկդ սպանե՛ք Բահաղ-Փեորին հարած ձեր մարդկանց»։ 6Եվ ահա Իսրայելի որդիներից մի մարդ եկավ և իր եղբայրների մոտ բերեց մի մադիանացի կնոջ, Մովսեսի և իսրայելացի ամբողջ ժողովրդի աչքի առջև, մինչ նրանք լաց էին լինում ժողովի վրանի մուտքի մոտ։ 7Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը, տեսնելով այդ, ժողովրդի միջից վեր կացավ և իր ձեռքն առնելով մի գեղարդ՝ 8իսրայելացի այդ տղամարդու հետևից մտավ սենյակը և խոցեց երկուսին էլ՝ իսրայելացի տղամարդուն ու կնոջն իր փորից, և Իսրայելի որդիների պատուհասը դադարեց։ 9Պատուհասից մեռնողները քսանչորս հազար էին։
10Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 11«Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը, վերացրեց իմ բարկությունն Իսրայելի որդիների վրայից՝ ինձ համար նախանձախնդրություն ունենալով նրանց մեջ։ Եվ ես իմ նախանձով բնաջինջ չարեցի Իսրայելի որդիներին։ 12Դրա համար ասա՛, որ ահա ես տալիս եմ նրան խաղաղության իմ ուխտը։ 13Դա նրա համար և նրանից հետո նրա սերնդի համար հավիտենական քահանայության ուխտ կլինի, որովհետև նա նախանձախնդիր եղավ իր Աստծու համար և քավություն արեց Իսրայելի որդիների համար»։ 14Մադիանացի կնոջ հետ սպանված տղամարդու անունը Զամբրի էր, Սալուի որդին, որ Շմավոնյանների տոհմերից մեկի իշխանն էր։ 15Իսկ սպանված մադիանացի կնոջ անունը Քազբի էր, Սուրի աղջիկը, որ Մադիամում ազգատոհմի իշխան էր։
16Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 17«Մադիանացիներին թշնամությո՛ւն արեք և զարկե՛ք նրանց, 18որովհետև նրանք իրենց նենգություններով ձեր դեմ թշնամություն արեցին Փոգորի պատճառով և իրենց քրոջ՝ մադիանացի իշխանի դուստր Քազբիի պատճառով, որը հարվածի օրը սպանվեց Փոգորի համար»։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 25: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք