ԹՎԵՐ 22:22-27

ԹՎԵՐ 22:22-27 ՆՎԱԱ

Աստծու բարկությունը բորբոքվեց, որովհետև նա գնացել էր։ Տիրոջ հրեշտակը եկավ կանգնեց ճանապարհին՝ նրա դեմն առնելու համար։ Բաղաամը նստել էր իր էշի վրա. նրա հետ էին իր երկու ծառաները։ Էշը տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր ճանապարհին մերկ սուրը իր ձեռքին. թեքվեց ճանապարհից և գնաց դեպի արտը։ Բաղաամը ծեծեց էշին, որպեսզի նրան դեպի ճանապարհը դարձնի։ Տիրոջ հրեշտակը կանգնեց այգիների միջև՝ նեղ ճանապարհին, այնպես որ այս ու մյուս կողմից ցանկապատեր կային։ Երբ էշը տեսավ Տիրոջ հրեշտակին, քաշվեց պատի կողմը և ճզմեց Բաղաամի ոտքը այդ պատի մոտ։ Բաղաամը դարձյալ ծեծեց էշին։ Տիրոջ հրեշտակը նորից առաջ գնաց ու կանգնեց մի նեղ տեղում, ուր աջ կամ ձախ թեքվելու հնար չկար։ Էշը, տեսնելով Աստծու հրեշտակին, կքեց Բաղաամի տակ։ Բաղաամի բարկությունը բորբոքվեց, և նա գավազանով ծեծեց էշին։