ԹՎԵՐ 21:4-9

ԹՎԵՐ 21:4-9 ՆՎԱԱ

Հոր լեռից Կարմիր ծովի ճանապարհով մեկնելով՝ նրանք շրջանցեցին եդովմացիների երկիրը։ Ժողովուրդը անհամբերություն ցույց տվեց ճանապարհին։ Եվ սկսեց խոսել Աստծու և Մովսեսի դեմ՝ ասելով. «Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից, որ անապատում մեռնենք. որովհետև ո՛չ հաց կա, ո՛չ ջուր, և մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։ Տերը թունավոր օձեր ուղարկեց ժողովրդի վրա, որոնք խայթեցին մարդկանց, այնպես որ Իսրայելից շատ ժողովուրդ մեռավ։ Ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ և ասաց. «Մենք մեղանչեցինք Տիրոջ և քո դեմ խոսելով։ Աղոթի՛ր Տիրոջը, որ մեզանից հեռացնի այդ օձերը»։ Մովսեսն աղոթեց ժողովրդի համար։ Տերն ասաց Մովսեսին. «Մի թունավոր օ՛ձ պատրաստիր և այն դի՛ր մի ձողի վրա. ով որ խայթվի և նայի այդ օձին, կփրկվի»։ Մովսեսը պղնձե մի օձ պատրաստեց և այն դրեց ձողի վրա։ Երբ որ օձը մեկին խայթում էր, նա նայում էր պղնձե օձին և առողջանում էր։