ԹՎԵՐ 20
20
Կադեսի դեպքերը
(Ելք 17.1-7)
1Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդն առաջին ամսին եկավ Սին անապատը, և ժողովուրդը բանակատեղի դրեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ և այնտեղ էլ թաղվեց։ 2Ժողովուրդը ջուր չուներ. նրանք հավաքվեցին Մովսեսի և Ահարոնի դեմ։ 3Ժողովուրդը վիճելով խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Երանի թե մենք էլ մեռնեինք, երբ Տիրոջ առջև մեռան մեր եղբայրները։ 4Ինչո՞ւ Տիրոջ ժողովրդին բերեցիք այս անապատը, որ մենք և մեր անասունները կոտորվե՞նք այստեղ։ 5Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից՝ մեզ այս վատ տեղը բերելու համար։ Այստեղ ո՛չ սերմի տեղ է, և ո՛չ էլ թզենիներ, այգիներ ու նռնենիներ կան. խմելու ջուր անգամ չկա»։ 6Մովսեսն ու Ահարոնը ժողովրդի մոտից գնացին դեպի ժողովի վրանի մուտքը և երեսնիվայր ընկան։ Եվ Տիրոջ փառքը երևաց նրանց։
7Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 8«Ա՛ռ գավազանը, դու և քո եղբայր Ահարոնը հավաքե՛ք ժողովրդին և նրանց աչքերի առաջ ասացե՛ք ապառաժին, և նա կտա իր ջուրը։ Դու ապառաժից ջուր կհանես նրանց համար, կխմեցնես ժողովրդին ու անասուններին»։ 9Մովսեսն առավ գավազանը Տիրոջ առջևից, ինչպես որ նա պատվիրեց իրեն։ 10Մովսեսն ու Ահարոնը ժողովրդին հավաքեցին ապառաժի դիմաց, և Մովսեսն ասաց նրանց. «Լսե՛ք հիմա, ո՛վ ապստամբներ, այս ապառաժի՞ց ջուր հանենք ձեզ համար»։ 11Եվ Մովսեսն իր ձեռքը բարձրացրեց ու գավազանով երկու անգամ զարկեց ապառաժին, և առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու նրանց անասունները խմեցին։
12Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Քանի որ դուք չհավատացիք ինձ, որպեսզի սրբացնեք ինձ Իսրայելի որդիների աչքերի առջև, դրա համար դուք այս ժողովրդին չեք տանի այն երկիրը, որ տվել եմ նրանց»։ 13Սա է Մերիբայի#20.13 Այսինքն՝ վիճաբանություն։ ջուրը, որտեղ Իսրայելի որդիները հակաճառեցին Տիրոջը, և նա փառավորվեց նրանց մեջ։
Եդովմի թագավորը արգելում է իսրայելացիներին անցնել
14Մովսեսը Կադեսից պատգամախոսներ ուղարկեց Եդովմի թագավորի մոտ՝ նրան ասելու, թե՝ «Այսպես է ասում քո եղբայր Իսրայելը. “Դու գիտես մեզ պատահած բոլոր նեղությունները, 15թե ինչպես մեր հայրերն իջան Եգիպտոս, ու մենք բնակվեցինք Եգիպտոսում երկար ժամանակ, և եգիպտացիները չարչարեցին մեզ և մեր հայրերին։ 16Մենք աղաղակեցինք Տիրոջը, և նա լսեց մեր ձայնը, հրեշտակ ուղարկեց ու մեզ դուրս հանեց Եգիպտոսից։ Եվ ահա մենք քո երկրի սահմանի մոտի Կադես քաղաքում ենք։ 17Խնդրեմ, թո՛ւյլ տուր անցնենք քո երկրով. մենք արտերով ու այգիներով չենք անցնի և ջրհորներից ջուր չենք խմի. կգնանք արքունի ճանապարհով, չենք շեղվի աջ կամ ձախ, մինչև որ քո սահմանից անցնենք”»։ 18Եդովմացիներն ասացին նրան. «Իմ երկրով չես անցնի, ապա թե ոչ, սրով կելնեմ քո դեմ»։ 19Իսրայելի որդիներն ասացին նրան. «Մենք կանցնենք մեծ ճանապարհով, և եթե մենք ու մեր անասունները խմենք քո ջրից, ես դրա գինը կհատուցեմ։ Առանց որևէ բանի՝ կանցնենք միայն ոտքով»։ 20Նա ասաց. «Չես անցնի»։ Եվ Եդովմը դուրս ելավ նրանց դեմ մեծ բազմությամբ և հզոր ուժով։ 21Այսպես Եդովմը մերժեց Իսրայելին ճանապարհ տալ իր սահմանից, և Իսրայելը հեռացավ նրանից։
Ահարոնի մահը
22Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը, Կադեսից մեկնելով, եկավ Հոր լեռը։ 23Տերը Հոր լեռան վրա՝ Եդովմի երկրի սահմանի մոտ, խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց. 24«Ահարոնը վախճանվելով պիտի միանա իր ժողովրդին, որովհետև նա չի մտնելու այն երկիրը, որ ես տվել եմ Իսրայելի որդիներին, քանի որ դուք ապստամբեցիք իմ հրամանի դեմ Մերիբայի ջրի մոտ։ 25Վերցրո՛ւ Ահարոնին ու նրա որդի Եղիազարին և նրանց բարձրացրո՛ւ Հոր լեռը։ 26Ահարոնի վրայից հանի՛ր նրա զգեստները և դրանք հագցրո՛ւ նրա որդի Եղիազարին։ Այնտեղ պիտի վախճանվի Ահարոնը և միանա իր ժողովրդին»։ 27Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերն էր պատվիրել, և ամբողջ ժողովրդի առաջ բարձրացավ Հոր լեռը։ 28Մովսեսը Ահարոնի վրայից հանեց նրա զգեստները և դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին, և Ահարոնը մեռավ այնտեղ՝ լեռան գլխին, իսկ Մովսեսն ու Եղիազարը լեռից իջան։ 29Երբ ամբողջ ժողովուրդը տեսավ, որ Ահարոնը մեռավ, Իսրայելի ամբողջ տունը երեսուն օր սգաց Ահարոնի համար։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 20: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018