ՆԵԵՄԻԱ 9:1-38

ՆԵԵՄԻԱ 9:1-38 ՆՎԱԱ

Եվ այդ ամսի քսանչորսերորդ օրը հավաքվեցին Իսրայելի որդիները ծոմով, քուրձերով և հող իրենց վրա։ Եվ Իսրայելի սերունդն առանձնացավ բոլոր օտարազգիներից, և կանգնած խոստովանում էին իրենց մեղքերը և իրենց հայրերի անօրինությունները։ Կանգնել էին իրենց տեղում և օրվա քառորդը կարդացին իրենց Տեր Աստծու օրենքի գրքից, և մի քառորդը խոստովանում և երկրպագում էին իրենց Տեր Աստծուն։ Եվ բարձր տեղի վրա կանգնել էին ղևտացիներ Հեսուն, Բանին, Կադմիելը, Սաբանիան, Բունին, Սարաբիան, Բանին և Քենանին և բարձր ձայնով աղաղակում էին իրենց Տեր Աստծուն։ Եվ ասացին ղևտացիները՝ Հեսուն, Կադմիելը, Բանին, Ասաբանիան, Սարաբիան, Ովդիան, Սաբանիան և Փեթայիան. «Վեր կացեք օրհնեցե՛ք ձեր Տեր Աստծուն հավիտյանս հավիտենից»։ «Օրհնյալ լինի քո փառավորյալ անունը, որ ամեն օրհնությունից և փառաբանությունից բարձր է։ Դու, միայն դու ես Տեր. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը և նրա բոլոր զորքերը, երկիրը և նրա վրայի ամբողջ եղածը, ծովերը և նրանց միջի ամբողջ եղածը. դու ես նրանց բոլորին կենդանություն տվողը, և երկնքի զորքերը քեզ երկրպագություն են անում։ Դու ես Տեր Աստվածը, որ ընտրեցիր Աբրամին ու նրան հանեցիր քաղդեացիների Ուրից և նրա անունը Աբրահամ դրեցիր։ Եվ նրա սիրտը հավատարիմ գտար քո առաջ և նրա հետ ուխտ արեցիր, որպեսզի նրա սերնդին տաս քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, հեբուսացիների և գերգեսացիների երկիրը։ Եվ քո խոսքը հաստատեցիր, որովհետև արդար ես դու։ Եվ տեսար մեր հայրերի նեղությունը Եգիպտոսում և նրանց աղաղակը լսեցիր Կարմիր ծովի մոտ։ Եվ նշաններ ու հրաշքներ արեցիր փարավոնի վրա և նրա բոլոր ծառաների և նրա երկրի ողջ ժողովրդի վրա, որովհետև իմացար, որ ամբարտավան եղան նրանց դեմ, և անուն հանեցիր քեզ համար, ինչպես որ այսօր է։ Եվ ծովը պատռեցիր նրանց առջև, և նրանք չոր տեղով անցան ծովի միջով, և նրանց հալածողներին խորտակեցիր, ինչպես քարը՝ խորունկ ջրերի մեջ։ Եվ ամպի սյունով առաջնորդեցիր նրանց, իսկ կրակի սյունով՝ գիշերը, որ լուսավորեիր նրանց գնալու ճանապարհը։ Եվ վայր իջար Սինա լեռան վրա և խոսեցիր նրանց հետ երկնքից և նրանց տվեցիր արդար իրավունքներ ու ճշմարիտ օրենքներ, բարի կանոններ ու պատվիրաններ։ Եվ քո սուրբ շաբաթը հասկացրիր նրանց և Մովսես ծառայիդ միջոցով նրանց կանոններ և օրենքներ պատվիրեցիր։ Եվ երկնքից հաց տվեցիր նրանց, երբ նրանք սոված էին, և նրանց համար ջուր հանեցիր ապառաժից, երբ նրանք ծարաված էին։ Եվ նրանց ասացիր, որ մտնեն և ժառանգեն այն երկիրը, որը նրանց տալու համար բարձրացրել էիր ձեռքդ։ Բայց նրանք և մեր հայրերը ամբարտավանացան և պնդացրին իրենց պարանոցը և չլսեցին քո պատվիրանները։ Եվ չուզեցին լսել և չհիշեցին քո հրաշքները, որ արել էիր նրանց մեջ, և պնդացրին իրենց պարանոցը և իրենց համար ապստամբության առաջնորդ նշանակեցին, որ վերադառնան իրենց ստրկությանը, բայց դու ներող, ողորմած, գթառատ, համբերատար և բազումողորմ Աստված էիր և նրանց չթողեցիր։ Մանավանդ երբ իրենց համար ձուլածո հորթ շինեցին և ասացին. “Սա է քո Աստվածը, որ քեզ հանել է Եգիպտոսից”։ Եվ մեծ անարգանք գործեցին։ Եվ դու քո մեծ ողորմությամբ նրանց չթողեցիր անապատում. ամպի սյունը ցերեկը չհեռացավ նրանց վրայից՝ նրանց առաջնորդելով ճանապարհին, իսկ կրակի սյունը՝ գիշերը, որ նրանց լույս տա և լուսավորի այն ճանապարհը, որով գնում էին։ Եվ քո բարի Հոգին տվեցիր նրանց իմաստնացնելու համար և քո մանանան չզրկեցիր նրանց բերանից և ջուր տվեցիր նրանց, երբ նրանք ծարաված էին։ Եվ քառասուն տարի նրանց կերակրեցիր անապատում. նրանք պակասություն չունեցան, նրանց հագուստները չմաշվեցին, և նրանց ոտքերը չուռեցին։ Եվ նրանց տվեցիր թագավորություններ ու ազգեր և նրանց բաժիններ տվեցիր սահմաններով, և նրանք ժառանգեցին Սեհոնի երկիրը, Եսեբոն թագավորի երկիրը և Բասանի Ովգ թագավորի երկիրը։ Եվ նրանց որդիներին շատացրիր երկնքի աստղերի չափ և նրանց բերեցիր այս երկիրը, որի համար ասել էիր նրանց հայրերին, որ գան և ժառանգեն։ Նրանց որդիները եկան և ժառանգեցին այս երկիրը, և դու նվաճեցիր այս երկրի բնակիչներին՝ քանանացիներին, և նրանց ձեռքը մատնեցիր նրանց և նրանց թագավորներին ու երկրի ազգերին, որ իրենց քմահաճույքով վարվեին նրանց հետ։ Եվ նրանք ամուր քաղաքներ ու բերրի հող գրավեցին և ժառանգեցին ամեն բարիքով լի տներ, փորված ջրհորներ, այգիներ, ձիթենիներ և բազմաթիվ պտղատու ծառեր։ Եվ նրանք կերան, կշտացան ու լիացան և զվարճացան քո մեծամեծ բարիքներով։ Սակայն նրանք անհնազանդություն արեցին և ընդվզեցին քո դեմ, անտեսեցին քո օրենքը և սպանեցին քո մարգարեներին, որոնք վկայում էին նրանց դեմ, որպեսզի դառնան դեպի քեզ, և մեծամեծ անարգանքներ արեցին։ Եվ դու նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք նեղացրին նրանց։ Եվ իրենց նեղության ժամանակ քեզ աղաղակեցին, և դու լսեցիր երկնքից և քո մեծ ողորմության համաձայն դու նրանց ազատարարներ տվեցիր, որոնք նրանց ազատեցին իրենց թշնամիների ձեռքից։ Իսկ երբ որ նրանք հանգստացան, դարձյալ չարություն արեցին քո առաջ, և դու նրանց թողեցիր իրենց թշնամիների ձեռքին, որոնք տիրեցին նրանց վրա։ Եվ դարձյալ քեզ աղաղակեցին, և դու երկնքից լսեցիր և նրանց շատ անգամ ազատեցիր քո ողորմությամբ։ Եվ դու նրանց վկայեցիր, որ նրանց դարձնես դեպի քո օրենքը, բայց նրանք մեծամտացան և չլսեցին քո պատվերները և քո իրավունքների դեմ մեղանչեցին, որոնք կատարող մարդը նրանցով կապրի, և իրենց ուսերն անհնազանդեցրին և իրենց վիզը պնդացրին ու չլսեցին։ Եվ դու շատ տարիներ համբերատար եղար նրանց նկատմամբ և մարգարեների միջոցով վկայեցիր նրանց քո Հոգով, բայց նրանք ականջ չդրեցին, և դու մատնեցիր նրանց ուրիշ երկրների ազգերի ձեռքը։ Սակայն դու քո առատ ողորմությամբ նրանց վերջը չտվեցիր և նրանց չթողեցիր, որովհետև դու գթառատ և ողորմած Աստված ես։ Եվ արդ, ո՛վ մեր Աստված, մեծ, զորավոր և ահեղ, ուխտ և ողորմություն պահո՛ղ Աստված, թող քո աչքին քիչ չերևան այն ամեն նեղությունները, որ պատահեցին մեզ, մեր թագավորներին, մեր իշխաններին, մեր քահանաներին, մեր մարգարեներին, մեր հայրերին և քո ամբողջ ժողովրդին՝ Ասորեստանի թագավորի ժամանակից մինչև այսօր։ Բայց դու մեզ վրա եկած բոլոր բաներում արդար ես, որովհետև դու ճշմարտությամբ արեցիր, իսկ մենք անօրինություն արեցինք։ Եվ մեր թագավորները, մեր իշխանները և մեր հայրերը չկատարեցին քո օրենքը և ականջ չդրեցին քո պատվիրաններին ու վկայություններին, որոնցով նրանց էիր հիշեցնում։ Եվ նրանք իրենց թագավորելու ժամանակ և այն ժամանակ, երբ դու նրանց շատ բարիքներ արեցիր, և այն ընդարձակ ու բերրի երկրում, որ տվել էիր նրանց, քեզ չծառայեցին և չհրաժարվեցին իրենց չար գործերից։ Ահա մենք այսօր ծառաներ ենք, և ահա այն երկրում, որ մեր հայրերին տվեցիր՝ նրա բերքն ու բարիքը վայելելու համար, մենք ծառաներ ենք։ Եվ նրա առատ արդյունքն այն թագավորներինն է, որոնց մեր մեղքերի պատճառով դրել ես մեզ վրա։ Եվ նրանք իրենց քմահաճույքով տիրում են մեր մարմինների վրա և մեր անասունների վրա, և մենք մեծ նեղության մեջ ենք»։ Եվ այս ամենի համար հաստատ ուխտեցինք ու գրեցինք, և կնքեցին մեր իշխանները, ղևտացիները և քահանաները։