ՆԵԵՄԻԱ 8:1-11

ՆԵԵՄԻԱ 8:1-11 ՆՎԱԱ

Եվ ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց այն հրապարակում, որ Ջրի դռան առջևում է, և ասացին Եզրաս դպիրին, որ Մովսեսի օրենքի գիրքը բերի, որ Տերը հրամայեց Իսրայելին։ Եվ Եզրաս քահանան յոթերորդ ամսվա առաջին օրը տղամարդ ու կին և հասկանալու կարողություն ունեցող բոլոր հավաքվածների առաջ բերեց օրենքը։ Եվ առավոտից մինչև կեսօր տղամարդկանց, կանանց և հասկացողների առաջ կարդաց նրանից այն հրապարակում, որ Ջրի դռան առջևում է, և ամբողջ ժողովրդի ականջը օրենքի գրքին էր։ Եզրաս դպիրը կանգնած էր փայտե մի բեմի վրա, որ շինել էին այս բանի համար, իսկ նրա մոտ՝ աջ կողմում, կանգնել էին Մատաթիան, Սեման, Անանիան, Ուրիան, Քեղկիան և Մաասիան, իսկ նրա ձախ կողմում՝ Փադայիան, Միսայելը, Մեղքիան, Հասումը, Ասբադանան, Զաքարիան և Մեսուղամը։ Եվ Եզրասն ամբողջ ժողովրդի աչքի առաջ բացեց գիրքը, որովհետև ինքն ամբողջ ժողովրդից վեր էր, և երբ որ բացեց, ամբողջ ժողովուրդը կանգնեց։ Եվ Եզրասն օրհնեց Տեր մեծ Աստծուն, իսկ ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ ամե՜ն, ամե՜ն, իրենց ձեռքերը բարձրացնելով և երեսի վրա խոնարհվելով մինչև գետին՝ երկրպագեցին Տիրոջը։ Հեսուն, Բանին, Սարաբիան, Համինը, Ակկուբը, Սաբեթան, Ովդիան, Մաասիան, Կովդիտան, Ազարիան, Հովզաբադը, Անանը, Բաղայիան և ղևտացիները օրենքը բացատրում էին ժողովրդին, իսկ ժողովուրդը կանգնած էր իր տեղում։ Եվ Աստծու օրենքի գրքից հստակ կարդում էին և բացատրելով հասկացնում կարդացածը։ Եվ Նեեմիան, որ Աթարսաթան է, և Եզրաս քահանա դպիրը և ղևտացիները, որ բացատրում էին ժողովրդին, ասացին ամբողջ ժողովրդին. «Այս օրը սուրբ է ձեր Տեր Աստծու համար, սուգ մի՛ արեք և մի՛ լացեք», որովհետև ամբողջ ժողովուրդը լաց էր լինում, երբ լսում էր օրենքի խոսքերը։ Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք, յուղալի բանե՛ր կերեք և քաղցր բանե՛ր խմեք և բաժիննե՛ր ուղարկեք պատրաստություն չունեցողին, որովհետև այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար, և մի՛ տրտմեք, որովհետև Տիրոջ ուրախությունը ձեր զորությունն է»։ Եվ ղևտացիները լռեցրին ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Լռեցե՛ք, որովհետև այս օրը սուրբ է, և մի՛ տրտմեք»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում