ՆԵԵՄԻԱ 5

5
Աղքատների հարստահարությունը
1Եվ ժողովրդի ու նրանց կանանց աղաղակը մեծ էր իրենց հրեա եղբայրների դեմ։ 2Եվ կային ասողներ, թե՝ «Մենք մեր որդիներով և դուստրերով շատ ենք. ուտելիք կառնենք, կուտենք և կապրենք»։ 3Եվ ասողներ էլ կային, թե՝ «Մեր արտերը, այգիները և տները գրավ ենք դնում, որ սովի ժամանակ ուտելիք առնենք»։ 4Եվ ասողներ էլ կային, թե՝ «Մենք թագավորի հարկի համար փող ենք պարտք անում մեր արտերով և մեր այգիներով։ 5Արդ մեր մարմինը մեր եղբայրների մարմնի պես է, մեր որդիները՝ նրանց որդիների պես, և ահա մենք մեր որդիներին և դուստրերին հպատակության ենք տալիս. մեր դուստրերից ոմանք արդեն հպատակության մեջ են, իսկ մեր ձեռքին կարողություն չկա, որովհետև մեր արտերն ու այգիները ուրիշների ձեռքին են»։
6Եվ ես շատ նեղացա, երբ որ նրանց աղաղակը և այս խոսքերը լսեցի։ 7Իմ սիրտը նեղվեց, և հանդիմանեցի իշխաններին ու զորականներին և ասացի նրանց. «Դուք ամենքդ հարկ եք վերցնում ձեր եղբայրներից», և նրանց դեմ մեծ ժողով գումարեցի։ 8Եվ նրանց ասացի. «Մենք, որքան որ կարող էինք, փրկանքով հետ գնեցինք մեր հրեա եղբայրներին, որ ծախված էին հեթանոսներին, իսկ դուք ծախում եք ձեր եղբայրներին. նրանք մեզ վրա՞ ծախվեն»։ Իսկ նրանք լռեցին և պատասխան չգտան։ 9Եվ ես ասացի. «Լավ չէ այս բանը, որ դուք եք անում. մի՞թե պիտի մեր Աստծու երկյուղով չընթանաք, որ մեր թշնամի ազգերի առջև խայտառակ չլինենք։ 10Ե՛վ ես, և՛ եղբայրներս ու ծառաներս նրանց փող և ցորեն ենք փոխ տվել. եկեք այս պարտքը նրանց շնորհենք։ 11Խնդրում եմ, նրանց արտերը, նրանց այգիները, ձիթենիներն ու տներն այսօր իրե՛նց վերադարձրեք և հարյուրից մեկը նրանցից ձեզ հասանելի արծաթը, ցորենը, գինին և յուղն էլ»։ 12Եվ նրանք ասացին. «Վերադարձնում ենք, նրանցից ոչինչ չենք ուզի. այնպես կանենք, ինչպես որ դու ես ասում»։ Եվ ես կանչեցի քահանաներին և նրանց երդվել տվեցի, որ այսպես անեն։ 13Եվ ես թափ տվեցի իմ հագուստը#5.13 Եբր. ծոց։ և ասացի. «Աստված ամեն մարդու այսպես թափ տա իր տնից ու իր աշխատանքից, ով որ այս խոսքը չպահի, և նա այսպես թափ տրված և դատարկ լինի»։ Եվ ամբողջ ժողովն ասաց. «Ամեն», և օրհնեցին Տիրոջը. և ժողովուրդն այդպե՛ս արեց։
Նեեմիայի անշահախնդրությունը
14Եվ այն օրից, երբ թագավորն ինձ հրամայեց, որ նրանց իշխանը լինեմ Հրեաստանում, Արտաշես թագավորի քսաներորդ տարուց մինչև երեսուներկուերորդ տարին՝ տասներկու տարի, ես և իմ եղբայրները իշխանական հացը չկերանք։ 15Իսկ նախորդ իշխանները, որ ինձանից առաջ էին եղել, ժողովրդին ծանրություն էին տվել. նրանից հաց և գինի էին վերցնում, բացի քառասուն սիկղ արծաթից, նույնիսկ նրանց ծառաներն էին տիրում ժողովրդի վրա. բայց ես, Աստծուց վախենալով, այդպես չարեցի։ 16Նաև այս պարսպի գործում ես ջանացի, և արտ չգնեցինք, և իմ ծառաները հավաքված էին այնտեղ՝ այն գործի վրա։ 17Եվ հարյուր հիսուն հրեա ու զորական և մեր շրջակայքում եղող ազգերից մեզ մոտ՝ իմ սեղանի շուրջ, եկողներ էին լինում։ 18Եվ ահա թե ինձ համար ինչ էր պատրաստվում մեկ օրում՝ մեկ արջառ, վեց ընտիր ոչխար և թռչուններ, և տասն օրվա մեջ ամեն տեսակ գինին առատ էր լինում, և այսուամենայնիվ իշխանական հացը չուզեցի, որովհետև ծառայությունը ծանր էր այս ժողովրդի համար։ 19Ինձ բարությա՛մբ հիշիր, ո՛վ իմ Աստված, և ամենը, ինչ որ արեցի այս ժողովրդի համար։

Արդեն Ընտրված.

ՆԵԵՄԻԱ 5: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք