ՆԵԵՄԻԱ 4:1-16

ՆԵԵՄԻԱ 4:1-16 ՆՎԱԱ

Եվ երբ Սանաբաղատը լսեց, որ մենք շինում ենք պարիսպը, բարկացավ և շատ զայրացավ ու ծաղրեց հրեաներին։ Եվ խոսեց իր եղբայրների հետ Սամարիայի զորքի առջև և ասաց. «Ի՞նչ են շինում այս թշվառ հրեաները. մի՞թե թույլ կտան նրանց, մի՞թե զոհ են մատուցելու, մի՞թե այսօր վերջացնելու են, մի՞թե կենդանացնելու են քարերը փոշու դեզերից, քանի որ նրանք այրված են»։ Ամմոնացի Տուբիան նրա մոտ էր և ասաց. «Եթե նրանց շինածի վրա մի աղվես էլ կանգնի, նրանց քարե պարիսպը կքանդի»։ Լսի՛ր, ո՛վ մեր Աստված, որ նախատվեցինք, և նրանց նախատինքը դարձրո՛ւ իրենց գլխին և նրանց մատնի՛ր ավար լինելու գերության երկրում։ Եվ մի՛ ծածկիր նրանց անօրինությունը, և թող նրանց մեղքը չջնջվի քո առջևից, որովհետև քեզ բարկացրին շինողների առջև։ Եվ պարիսպը շինեցինք, և ամբողջ պարիսպը շրջափակվեց կիսով չափ, և ժողովուրդը սրտապնդվեց գործելու։ Եվ երբ որ Սանաբաղատը և Տուբիան և արաբացիները և ամմոնացիները և ազովտացիները լսեցին, որ Երուսաղեմի պարիսպները վերանորոգվում են, և քանդված տեղերն սկսել են կարկատվել, շատ բարկացան։ Եվ ամենքը միաբանվեցին, որ գան Երուսաղեմի դեմ պատերազմեն և նրան վնաս տան։ Բայց մենք աղոթք արինք մեր Աստծուն և նրանց պատճառով նրանց դեմ օր ու գիշեր պահապաններ դրեցինք։ Եվ հրեաներն ասացին. «Բեռնակիրների ուժը թուլացել է, իսկ հողը շատ է, և մենք չենք կարողանում պարիսպը շինել»։ Բայց մեր թշնամիներն ասում էին. «Չիմանան և չտեսնեն, մինչև որ մտնենք նրանց մեջ և սպանենք նրանց և գործը խափանենք»։ Եվ երբ նրանց մոտակայքում բնակվող հրեաները եկան և տասն անգամ ամեն տեղերից մեզ ասացին, թե հետ դարձեք մեզ մոտ, այն ժամանակ պարսպի հետևի ցած և չոր տեղերում կանգնեցրի ժողովրդին ըստ տոհմերի՝ իրենց սրերով, նիզակներով և աղեղներով։ Նայեցի ու վեր կացա և ասացի իշխաններին և զորականներին ու մնացած ժողովրդին. «Նրանցից մի՛ վախեցեք, հիշե՛ք մեծ և ահեղ Տիրոջը և պատերազմե՛ք ձեր եղբայրների, ձեր որդիների ու ձեր դուստրերի, ձեր կանանց և ձեր տների համար»։ Եվ երբ մեր թշնամիները լսեցին, որ մենք իմացել ենք, և թե Աստված ցրել է նրանց մտադրությունը, մենք ամենքս հետ դարձանք դեպի պարիսպը՝ ամեն մարդ իր գործին։ Եվ այն օրից ի վեր իմ մարդկանց կեսը գործ էր անում, իսկ մյուս կեսը նիզակներն ու ասպարներն ու աղեղները և զրահներն էր բռնում, և իշխանները կանգնել էին Հուդայի ամբողջ տան հետևում։